Բաքուն պետք է կողմնորոշվի. Էդ. Նալբանդյան (տեսանյութ)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին հայտարարություն չեն արել, դա արել է եռանախագահներից մեկը՝ հստակեցնում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Խոսքը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության մասին է՝ արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին։ Այսօր Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դա անգամ հայտարարություն չէր. «Նա միայն հույս է հայտնել, որ այդպիսի հանդիպում կարող է կայանալ»: Նալբանդյանը, սակայն, ցավով է նշում, որ դրան ի պատասխան Ադրբեջանից հնչում են հակասություններ պարունակող հայտարարություններ. «Ադրբեջանն ասում է, որ պատրաստ է մասնակցել հանդիպումներին, որոնք նախաձեռնվում են եռանախագահների կողմից, բայց մյուս կողմից հայտարարություններ են անում, որոնք հակադրվում են եռանախագահների մոտեցումներին»: Նալբանդյանը նշում է, որ Բաքուն պետք է կողմնորոշվի՝ արդյոք ցանկանո՞ւմ է, որ եռանախագահող ձևաչափում շարունակի բանակցությունները, թե՝ ոչ: Ղարաբաղի հարցով Համբուրգում հանդիպման ֆորմատը դեռ հստակեցված չէ, վերջում հավելեց արտաքին գերատեսչության ղեկավարն ու հավելեց. «Կտեսնենք, ինչպես կլինեն առաջարկները համանախագահների կողմից այսպիսի հանդիպումներ կազմակերպելու, բայց մեկ բան, վստահ եմ, որ եռանախագահների հետ հանդիպումներ լինելու են»: