Հայաստանում հնարավոր կլինի ոսկրածուծի փոխպատվաստում անել (տեսանյութ)
ՀՀ առողջապահության նախարարության՝ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» վերաբացվում է՝ արդիականացված եւ վերազինված: Մինչ կենտրոնի պաշտոնական բացումը, որը տեղի կունենա վաղը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն առաջինը այցելեց այնտեղ: Լրագրողների հետ զրույցում Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ասաց, որ երբ Ռիտա Սարգսյանը երկու տարի առաջ այցելել է իրենց կենտրոն եւ տեսել, թե ինչ պայմաններում են բուժվում հիվանդները, խոստացել է, որ շատ շուտով ունենալու են նոր կենտրոն. «Երկու տարի անց, ահա, ունենք այս կենտրոնը, որը վերակառուցվել է ՀՀ կառավարության եւ համաշխարհային բանկի ջանքերով, ինչպես նաեւ՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ»: Պարոն Դաղբաշյանը նշեց կենտրոնի գլխավոր ձեռքբերումները. «Ամենակարևոր բաժինը ոսկրածուծի փոխպատվաստման բաժինն է, որն ունի 7 հիվանդասենյակ, որոնցից 3-ը երեխաների համար են, 4-ը՝ մեծահասակների: Օդափոխությունն այստեղ այնպես է կատարվում, որ որևէ բակտերիա չի կարող ներս թափանցել, ուստի հենց նման պայմաններում հնարավոր է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում»,-ասաց նա՝ հավելելով, որ հիվանդասենյակները պատրաստվել են հատուկ տեխնոլոգիաներով՝ իտալացիների կողմից: Կենտրոնի մյուս ձեռքբերումը ցողունային բջիջների լաբորատորիան է. «Ունենալ նման նեղ մասնագիտական, հարուստ եւ բազմաֆունկցիոնալ կենտրոն, դա Հայաստանի համար լուրջ առողջապահական առաջխաղացում է »,-նշեց Դաղբաշյանը: Կենտրոնում ստեղծվել են նախկինում բացակայող ծառայություններ: Մասնավորապես` մեծահասակների և մանկական ցերեկային ստացիոնար, որը հնարավորություն կընձեռի քիմիաթերապևտիկ բուժում ստանալ առանց հոսպիտալացման, ժամանակակից ինտենսիվ բուժման ծառայություն, ինչպես նաև էնդոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք, որտեղ մասնագիտացված ծառայություններ կմատուցվեն արյան հիվանդություններ ունեցող անձանց: Բացի սա, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կենտրոնում երեխաներին սնունդը կտրվի անվճար: Տիկին Սարգսյանի կարծիքով՝ մայրերը շատ հաճախ չեն իմանում, թե ինչ սնունդ է պետք պատրաստել երեխաների համար, բայց կենտրոնում գործող փոքրիկ սննդի կետում երեխաներին կհատկացվի հատուկ նրանց համար պատրաստված սնունդ: «Մենք հաշվարկել ենք, թե ինչքան գումար կկազմի եւ յուրաքանչյուր ամիս խնդրելու ենք «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որպեսզի աջակցի մեզ այդ հարցում, որովհետեւ պետությունը չի հատկացնում դեռեւս»,-նշեց արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ հստակեցնելով, որ դա կկազմի ամսական մոտ 3-5 միլիոն դրամ: Տիկին Սարգսյանը խոստացավ աջակցել այդ հարցում, բայց նա «Նվիրիր կյանք» հիմնադրամի համար նվիրատվությունների այլընտրանքային տարբերակներ է փորձում գտնել: Նրա խոսքով՝ նախկինում նվիրատվությունները շատ էին, հիմա դրանք պակասել են: «Պետությունը չի կարող անել, բայց ես գտնում եմ ինչ-որ բաներ, գեղեցիկ բան չեմ անում՝ հաճախ ստիպողաբար հավաքում եմ (ծիծաղում է,-խմբ.), բայց ուրիշ տարբերակ չկա, պետք է միասին մի բան մտածենք, որ որևէ մեկին դժվար չլինի օգնելը»,-նշեց Ռիտա Սարգսյանը՝ հավելելով, որ մտածում է 100 դրամ նվիրաբերելու գաղափարի շուրջ. «Եթե ամեն մեկը 100 դրամ նվիրաբերի, անհրաժեշտ գումարները կհավաքվեն արագ»: