Միջադեպ՝«Միայնակ Գայլի» եղբոր դատական նիստից հետո (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբոր առողջական խնդիրները սրվել են հուլիսին՝ ոստիկանության օգտագործած հատուկ միջոցների հետեւանքով։ Բայց Արարատ Խանդոյանը դատարանում էր ամբաստանյալի կարգավիճակում՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով։ «Քանի որ պատերազմի ժամանակ երեք անգամ տարել եմ կոնտուզիա, պայթյունից հետո ինձ մոտ կրկին կրկնվել են գլխացավերը, վնասվել է նաեւ տեսողությունս»:
Զարգացումները հիմք են տվել եզրակացությունների, եւ գործով առաջին դատական նիստի ժամանակ Արարատ Խանդոյանը ներկայացրեց իր տեսակետը։
«Շինծու, քրեական գործով եմ մեղադրվում, ես ասում եմ այն, ինչ որ կա հարգելի դատարան»,- ասաց Արարատ Խանդոյանը:
Այսօր միաժամանակ նույն մեղադրանքով դատում էին Արման Առաքելյանին, որն դատարանում հրաժարվեց հանրային պաշտպանից: Երկու ամբաստանյալների շահերը այսուհետ կներկայացնի Արա Ղարագյոզյանը: Պաշտպանն էլ գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ խնդրեց: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունը եւ նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 22-ը:
Դահլիճում ներկաները Արարատ Խանդոյանին ճանապարհեցին «Ազատություն» եւ «Արարատ» վանկարկումներով:
Դահլիճում ներկա կանանցից մեկը սկսեց ամոթանքներ հնչեցնել գործով տուժող անցնող 44 ոստիկանների հասցեներին. «Այս տղան գնացել է ձեր համար դարձել է հաշմանդամ, թու, թքեմ ձեր երեսին»:
Պաշտպանին հետաքրքրում է, թե ոստիկանների «ինչն է տուժել», երբ նրանք առողջ ման են գալիս: « Ըստ տվյալների՝ նրանցից որեւէ մեկը էական վնասվածք չի ստացել» Ոստիկանների ցուցմունքներով եւ տեսանյութով է Արարատ Խանդոյանին մեղադրանք առաջադրվել «Բայց տեսանյութում չի ապացուցվում՝ Արարատը խփում է, թե չի խփում, պարզապես քաշքշուկ է քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ»,- ավելացնում է պաշտպանը:
Արարատ Խանդոյանի մորն այսօր ավելի շատ հետաքրքրում է որդու առողջական վիճակը, քան բուն դատավարությունը.
« Լյարդի ¼ -րդ մասը հեռացված է, փայծաղ չունի, առողջական վիճակը շատ վատ է»,- ասում է նա:
Հաջորդ նիստին պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու փոխելու 2 պաշտպանյալների խափանման միջոցը՝ հավելելով, որ միայն ոստիկանների ցուցմունքով անձին չեն կարող կալանավորել: