Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պտուղների արտադրությունը Հայաստանում շահեկան չէ (տեսանյութ)

Տնտեսություն
garnik-pertrosyan

Պտուղների արտադրությունը Հայաստանում առանձնապես բարձր շահութաբերություն չի ապահովում, ցածր է բերքատվությունը,  եւ բնականաբար այն չի շահագրգռում մեր գյուղատնտեսական ընկերություններին՝  ընդարձակելու պտղատու այգիները. «Պտղաբուծությունը  հազարամյակների ընթացքում կազմակերպվել է սերմնաբույսի վրա պատվաստված տնկանյութի միջոցով, որը շատ բարձր սաղարթ է ձեւավորում եւ միավոր տարածքի վրա շատ փոքրաթիվ տնկիներ է հաջողվում տեղադրել: Ստացվում է ցածր բերք, ոչ առանձնապես բարձր ապրանքային տեսքով, եւ այն չի կարողանում բարձր արդյունք ապահովել գյուղացու համար»,- «Ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ պտղաբուծության զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ   ասաց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ Գառնիկ Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ կարեւորը տեղում տնկարանների զարգացումն ապահովելն է, որը հնարավորություն կտա ստանալ շատ ավելի ցածր ինքնարժեքով, շատ ավելի մատչելի գնով տնկանյութ եւ տեղում կազմակերպել դրա արտադրությունը: Ըստ ՄԱԿ-ի փորձագետի՝  պետության միջամտությունը խիստ կարեւոր է եւ անհրաժեշտ, պետք է լուծել նաեւ երկարաժամկետ վարկերի խնդիրը. «Ծիրանենու, դեղձենու, կեռասենու եւ սալորենու զարգացումը  կարող է շահեկան լինել մեր գյուղատնտեսության համար»: Այսօրվա սեմինար-քննարկմանը կհետեւի գործնական դասընթաց: Դասընթացի ընթացքում փորձագետները կներկայացնեն խնձորենու հանգստի շրջանի էտի տեխնիկան՝ նպատակ ունենալով բարելավել ինչպես ծառերի աճն, այնպես էլ բերքի քանակական եւ որակական հատկությունները: