Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուլսարի թեմայով քննարկու՞մ, թե՞ քննարկման իմիտացիա նախարարությունում. ՀԲՃ    

Հասարակություն
index6

Այսօր՝ նոյեմբերի 1-ին ժամը 16։00-ին, բնապահպանության նախարարարին կից հասարակական խորհրդի նիստ է լինելու, որի օրակարգի չորս հարցերից մեկը վերաբերում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրի փոփոխված նախագծի համար տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությանը։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը այդ խորհրդի անդամ չէ, սակայն ստացել է մասնակցության հրավեր։ Մենք ունեինք որոշակի հարցեր այս քննարկման հետ կապված, որոնք ուղղել էինք նախարարությանը։ Դրանց արդյունքում պարզվեց, որ քննարկումը փակ է լրատվամիջոցների համար, իսկ մասնակիցները տեսանկարելու իրավունք չունեն։ Քննարկմանը կարող են ներկա գտնվել միայն խորհրդի անդամներն ու նախարարության կողմից հրավիրվածները։ Բացի այդ այս կարևոր հարցին տրամադրված է ընդամենը 1 ժամ, ինչը բնականաբար չի կարող բավարար լինել այս հարցը բազմակողմանի ներկայացնելու ու վերլուծելու համար։ Հարց է առաջանում, թե այս ամենի նպատակը թափանցիկ, հիմնավորված, բազմակողմանի քննարկում անցկացնելն ու արդյունք ունենա՞լն է, թե՞ հանրային քննարկման իմիտացիա ստեղծելը։ Իրական արդյունք ունենալու համար պետք է կազմակերպվի առանձին հանդիպում միայն Ամուլսարի թեմայով՝ 2,5-3 ժամ տևողությամբ ու ավելի մեծ շրջանակով։ Այն պետք է բաց լինի բոլոր այն մասնագետների, բնապահպանների, լրագրողների, համար, ովքեր նախապես ցանկություն կհայտնեն մասնակցել դրան։ Բացի այդ պետք է լինի քննարկման օրակարգ, անցկացման հստակ ընթացակարգ և որոշումներ կայացնելու իրական մեխանիզմ, որպեսզի յուրաքանչյուր մասնակից հասկանա իր անելիքներն ու ակնկալիքները։ Եթե քննարկումը ոչ մի իրավական հետևանք չի ենթադրում, ոչ մի ազդեցություն չի ունենում որոշում կայացնելու փուլում, ապա վերածվում է ընդամենը հանրային քննարկման իմիտացիայի։ Հ․Գ․ Ի դեպ, բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մտադրություն ունեցող Լիդիան Արմենիա ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը, ինչը մտահոգություն է առաջացնում մասնավորապես բնապահպանական որոշումներում հանքարդյունաբերության շահերը պաշտպանող կողմի ունեցած ազդեցության առումով: Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն