Կալանավայրում համակարգչային սենյակ կլինի (տեսանյութ)
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկումներին Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով եկող տարվա իրենց ծախսերն ու հատկացումները, նշեց, որ այս պահին ունեն 55 հանրային պաշտպան, սակայն նրանց թիվը չեն պատրաստվում ավելացնել եկող տարի. «Հանրային պաշտպանին ուղղվող դիմումների թիվն ավելանում է, սակայն նրանց թիվը չենք ավելացնելու, քանի որ համապատասխան օրենսդրական փոփոխություններ են արվելու՝ անվճար իրավական խորհրդատվության այլընտրանքային տարբերակներ գտնելու համար»: ՔԿՀ-ների պահպանման համար նախարարությանը հատկացումը կրճատվել է 310 մլն դրամով եւ կազմել 8 մլրդ 525 մլն դրամ. «Նվազեցումը պայմանավորված է պրոբացիոն ծառայության առկայությամբ: Նախորդ տարվա մեծ հատկացումները նաեւ պայմանավորված էին «Արմավիր» ՔԿՀ կառուցմամբ: Այս պահին ունենք 4 հազար կալանավոր, ՔԿՀ-ներում նախատեսում ենք 103 սպորտային, մշակութային միջոցառում: 43 մլն դրամ կհատկացվի ՔԿՀ-երում բժշկական օգնության համար: Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կկազմի ավելի, քան 23 մլն դրամ»: Ինչ վերաբերում է Պրոբացիոն ծրագրին, ապա փոխնախարարը նշեց, որ ավելին, քան 367 մլն դրամ կհատկացվի այս ծրագրի պահպանման համար. «Եղել է ընդամենը մի փոքր ավելացում, որով նախատեսվում է որոշակի տարածքներ վարձակալել պրոբացիոն ծրագրի համար՝ շահառուների մասնագիտական ուսուցում՝ վարսահարդարում, շինարարություն ուսուցանելու համար»: Մոտ 6 միլիոն դրամ էլ Արդարադատության նախարարությունը պատրաստվում է հատկացնել Հակակոռուպցիոն ծրագրի պատասխանատուների պատրաստման համար. «Սա մեծ ծրագիր է, որը ֆինանսավորվելու է նաեւ միջազգային դոնորների կողմից: Նախարարության կողմից կլինի միայն փոքր համաֆինանսավորում»: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է նվազել մեկ կալանավորի հաշվարկով պահպանման ծախսերը. «Նաեւ՝ ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է իրականացվում, որպեսզի ավելի արդյունավետ դարձնենք կալանավորի՝ հարազատների հետ հաղորդակցումը: Միգուցե ինտերնետային հաղորդակցո՞ւմ ստեղծենք»: Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ կրկնահանցագործության բացառման լավագույն տարբերակը անձի՝ մասնագիտական արհեստի ուսուցանումն է, որ պատիժը կրելուց հետո նա իր զբաղմունքն ուղղի գումար վաստակելուն, այլ ոչ ապօրինի գումար հայթայթելուն. «Ինչ վերաբերում է մեկ կալանավորի հաշվով ծախսերի նվազեցմանը, ապա դա պայմանավորված է էլեկտրաէներգիայի գների նվազմամբ եւ արեւային էներգիայի համակարգերի տեղադրմամբ: Տասնմեկ ՔԿՀ-ում եկող տարի ավարտելու ենք այս ծրագիրը, եւ բյուջեից որեւիցե միջոց չի ծախսվելու այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է հարազատների հետ կալանավորների հաղորդակցությանը, ապա դա խնդիր էր, քանի որ ՔԿՀ-ները գերծանրաբեռնված էին: Խնդիրը լուծվեց «Արմավիր» ՔԿՀ-ի ստեղծմամբ: Այժմ ավարտվում է այստեղ կալանավորների տեղափոխումը, եւ արդեն բավականին թեթեւանալու է ՔԿՀ ծառայողների աշխատանքը: Իսկ ինտերնետ կապի հետ կապված անվտանգության խնդիր կա՝ չի թույլատրվում բջջային հեռախոսներ, համակարգիչ: Սակայն այժմ նախատեսվում է համակարգչային սենյակ՝ բնականաբար, վերահսկվող: Այդ նպատակով բյուջեից մեծ ծախսեր չենք պահանջում»: