«Գողի պես վարվեցին. այս քաղաքը չեն սիրել և չեն սիրում» (տեսանյութ)
«Տպարանի շենքի վերաբերյալ քննարկումները ճարտարապետների միությունում պետք է լինեին նոյեմբերի 1-ին, այնինչ գրել են, թե այդ քննարկումները եղել են հոկտեմբերի 1-ին, չի եղել նման բան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա զարմանում է, թե ինչու են թույլ տալիս, որ շենքը հասնի նման վիճակի, որ ստիպված լինեն քանդել: Խոսքը ՀՀ թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքի պայթեցման մասին է: Հանդիպմանը ներկա կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանն էլ նշեց, որ տպարանի շենքի պայթեցումը բարբարոսություն էր. «Առաջ երբ մի բան պիտի քանդվեր, ակտիվիստներ էին հավաքվում, ահազանգում էին, գալիս, դիմացը փակում էին: Հիմա գողի պես վարվեցին, որ կանգնացնել չլինի: Սա գողություն է, նենգություն: Էս քաղաքը չեն սիրել ու չեն սիրում: Բոլորս էլ հասկանում ենք, որ այն շենքերը, որոնք քանդվեցին, եսիմ ինչ ճարտարապետական կառույցներ չէին, բայց դա մեր պատմությունն էր: Ինչու՞ հաշվի չեն առնում քաղաքացու հիշողությունը: Այս այլանդակությունը, որ տեղի է ունենում, պարզապես արհամարհանք է տանտիրոջ՝ քաղաքացիների հանդեպ»,-նշեց նա: Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ հավելեց, որ տպարանի շենքի պայթեցումը վտանգավոր նախադեպ կարող է ստեղծել. «Կարո՞ղ է վաղն էլ ԱԳՆ-ի, «Ռոսիա» կինոթատրոնի շենքը նման կերպ քանդեն: Եթե նրանք կարծում են, թե ճարտարապետությունը միայն շենքն է, սխալվում են: Շենքի հետ միասին ճարտարապետություն է նաև միջավայրը»: