Ջերմուկը կվերածվի սեքս-ինդուստրիալ քաղաքի. ահազանգ (տեսանյութ)
Ամուլսարի հանքավայրի վտանգների մասին հիշեցնելու համար տասնյակ բնապահպաններ էին եկել կառավարության շենքի մոտ։ Նրանց համոզմամբ՝ հանքավայրին մոտ գտնվող Ջերմուկ քաղաքը կփոխի նշանակությունը։ Հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած Լիդիան ընկերությունը արտասահմանցի աշխատողներին կբնակեցնի Ջերմուկում։ «Սեռական ինդուստրիայի դրսևորումներ են լինելու։Այդ վտանգը կանխելու համար իրենք որոշել են իրենց աշխատակիցների շրջանում պահպանակներ բաժանել։ Որ մի բանական մարդը կուզենա գնա հանգստանա էն քաղաքում, որտեղ միջավայրը առողջարանային չի, այլ՝ սեքս-ինդուստրիալ»,- նշում է Ապրես Զոհրաբյանը։ Ջերմուկի տարիներ շարունակ ստեղծված պատկերը խաթարվում է։ Ըստ նրանց՝ Կառավարություն հանքավայրի շահագործման թույլտվություն տալիս հաշվի չի առնվել ռիսկերը։ «Ինքը ուղղակի փակ աչքերով հավատացել է այն ամեն ինչին, ինչ-որ գրված է եղել հանքավայրը շահագործող ընկերության ծրագրերի մեջ»,- նշում է Լևոն Գալստյանը։ Վայոց ձորի բնությունը վտանգված է։ Ամուլսարի հանքավայրը շահագործելու պարագայում տարեկան 10 միլիոն տոննա հանքաքար կարդյունահանվի։ Վերամշակումը նախատեսված է նատրիումի ցիանիդով՝ Գնդեվազ գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա։ «Նատրիումի ցիանիդը խիստ վտանգավոր նյութ է, որի կես գրամը բավարար է մարդու մահացության համար»,- ասում է բնապահպան Լևոն Գալստյանը։ Բնապահպաններն ահազանգում են՝ ծրագրի իրականացման պարագայում Հայաստանի քաղցրահամ ջրերը ևս կաղտոտվեն։ Որոտան և Արփա գետերի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների աղտոտումից հետո հերթը կհասնի Սևանին։ «Հանքավայրից ընդամենը 1 կիլոմետրի վրա անցնում է Որոտան-Արփա-Սևան թունելը, որտեղով ջուր է տեղափոխվում Սևան։ Հանքային, թթվային ջրերը ներծծվելու արդյունքում խառնվելու են այդ ջրերի հետ և թունելով տեղափոխվեն ի վերջո Սևան»,- նշում է պարոն Գալստյանը։ Կառավարությունից բնապահպաններին չմոտեցան։ Ավելին՝ կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարեց վերացնել Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում հնարավոր ներդրումների համար արհեստական խոչընդոտները։ Բնապահպաններն էլ «Կանաչ, մաքուր Հայաստան» վանկարկումով երթով շարժվեցին Լիդիան ինթերնեշընլի հայաստանյան գրասենյակ։ Այստեղ էլ նրանց չմոտեցան։ Այսօր հաշմանդամ օդաչուները ևս Կառավարության շենքի մոտ էին։ Տարիների պայքարը արդյունք է տվել։ Արդարադատության նախարարությունից նրանց տեղեկացրել են, որ զբաղվում են գումարների փոխհատուցման հարցով։ «Առաջ խաբում էին, որ ամեն ինչ անում են, բայց հետո իմանում էինք, որ ոչ մի բան չեն արել։ Մեր պայքարը շարունակելու ենք մինչև հարցի լուծումը չլինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է օդանավի նախկին հրամանատար Սեյրան Սարգսյանը։