Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գագիկ Բեգլարյանը վրացիներին համոզելու հարցում մեծ ներդրում է ունեցել»

Տնտեսություն
hyusis-harav-nkar

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության սկսման պահից չեն դադարում ֆինանսական չարաշահումների մասին խոսակցությունները։ Առավելապես շոշափվում է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի անունը։ «Ա1+»-ի հետ զրույցում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը հերքեց նման հնարավորությունը. «Գագիկ Բեգլարյանը հայ ազգի համար մեծ բան ունի արած։ Նրա աշխատանքի շնորհիվ Եվրամիությունն այս մայրուղին իր համար ճանաչեց բարձր կարևորության, իսկ դրան հասնելու համար խոչընդոտ էր Վրաստանը, որը վերջապես համաձայնեց»։ Ըստ Սարգսյանի՝ Գագիկ Բեգլարյանը վրացիներին համոզելու հարցում մեծ ներդրում է ունեցել։ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի գործարկման արդյունքում Հայաստանը կստանա քաղաքական և տնտեսական մեծ դիվիդենտներ։ «Ամենամեծ օգուտը անվտանգությունն է։ Եթե Եվրամիությունն այս ճանապարհը ճանաչել է իր համար կարևոր, առանցքային ճանապարհ, ուրեմն ինքն ամեն ինչ անելու է, որ այդտեղ լինի անվտանգ գոտի։ Այս ճանապարհով ինքը տնտեսական հարաբերությունների մեջ կմտնի Հայաստանից հարավ և արևելք ընկած երկրների հետ»,- ասում է Արթուր Սարգսյանը։ Եվրամիությունն ամբողջապես երաշխավորում է մայրուղին, նաև՝ ֆինանսական առումով»,- նշում է պարոն Սարգսյանը։ Նշենք, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհային մայրուղու կառուցումը հեշտ չի ընթանում։ Բազմաթիվ քաղաքացիներ զրկվում են իրենց հողերից՝ այն զիջելով պետությանը։ «Մենք քոչվոր ազգ չենք, հողին կպած ազգ ենք և նույնիսկ շատ լավ արժեքներով դժվար է մարդուն համոզել՝ իր հողից ինչ-որ մի կտոր վերցնել՝ ճանապարհ սարքելու համար»,- իրավիճակն այսպես է պարզաբանում Արթուր Սարգսյանը։ Գործերը գնում են դատարան։ Հիմա վիճարկման ենթակա հարցերը ավելի կարճ են մնում դատարանում։ «Առաջ այդ պրոցեսները ձգվում էին 2-3 տարի, բայց այժմ ավելի կարճ է տևում՝ 6 ամիս։ Իսկ եթե քաղաքացին չի ցանկանում հողը տալ, բացատրական աշխատանքներ ենք տանում, եթե չեն համաձայնվում, ապա դատական նիստի ժամանակ ապացուցվում է, որ սա գերակա շահ է և ծրագիրը պետք է իրականացվի»,- ասում է պարոն Սարգսյանը։ Քաղաքացիներն ակնկալում էին երթևեկել հարթ ճանապարհներով, սակայն արդեն երթևեկելի հատվածները այդպիսին չեն. կան անհարթություններ. «Նոր կառուցված բոլոր ճանապարհներն էլ նման խնդիր ունեն, ու դա ժամանակավոր խնդիր է։ 6-7 տարվա ընթացքում, երբ ճանապարհն իր նախնական մաշվածությունն ստանում է,  ավելի հարթ է դառնում»։ Մինչև 2020 թվականը ամբողջապես կավարտվի «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքները։ Արթուր Սարգսյանը ներկայացրեց այժմյան իրավիճակն ու առաջիկայում անելիքները։ «Աշտարակից Թալին հատվածի կառուցումը կավարտվի միչև 2018-ի սկիզբը։ Թալինից մինչև Գյումրի հատվածը պատրաստ կլինի մինչև 2018-ի ավարտը։ Այսինքն՝ կարելի է ասել, որ հյուսիսային հատվածն ամբողջողվին կառուցված կլինի»։ Աշխատանքներն սկսվել են նաև հարավային հատվածը կառուցելու համար։ Նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են, և կհայտարարվեն տենդերները։ Ի դեպ, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը Հայաստանի Հանրապետության բյուջեի վրա արժեցել է 1.5-ից 2 միլիարդ դոլար։