Իրական փոփոխություննե՞ր, թե՞ նախընտրական քայլեր (տեսանյութ)
Բնական ռեսուրսներ չունեցող Հայաստանը դատապարտված է ունենալ զարգացած Փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտ։ Կառավարությունը խոստանում է մինչև տարեվերջ հասնել բնական գազի սակագնի նվազեցմանը ՓՄՁ-ների համար։ Սակայն սա միայն բավարար չէ ոլորտը զարգացնելու համար։ «Ազատ մրցակցության բացակայության պայմաններում ընդհանրապես փոքր ու միջին բիզնեսը գրեթե գոյություն չի ունեցել։ Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը բերում է իր հետ, ձևավորվում է միջին խավ, եկամուտների որոշակի մակարդակ և հասարակությունում եղած դժգոհությունները հրվում են հետ»,- ասում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը գրված է վեց ամսվա համար, որը այնքան էլ իրատեսական ժամկետ չէ համակարգային փոփոխությունների համար։ Պարոն Բոստանջյանը նշում է. «Առաջին քայլը նման իրավիճակում միակն է՝ հնարավորինս ազատ մրցակցություն ապահովել, գրավիչ ներդրումային պայմաններ ստեղծել և ընդհանրապես՝ աշխատող սուբյեկտներին ազատ թողնել, չխեղդել»։ Տնտեսագետը դրական է համարում կառավարության ծրագրով նախատեսված ներդրումային ֆոնդի ստեղծման գաղափարը։ Դա կիրականացվի 2017 թվականին։ Այդպիսի կառույցը կարող է խթան դառնալ Հայաստանում ներդրումների համար։ «Առանց այդպիսի ծրագրերի առկայության մենք կարող է այդ դաշտում իմիջիայլոց դեգերումներ իրականացնենք։ Իրավական հիմքերով պետք է ապահովված լինի, որ ցանկացած ներդրող գերհամոզված լինի, որ ինքը կապիտալի ոչ մի կորուստ չի ունենալու»,- մեկնաբանում է տնտեսագետը։ Նախատեսում են նաև փոփոխություններ հարկային ու մաքսային ոլորտներում։ Բայց արդյո՞ք կգա ժամանակ, երբ հայաստանցի հարկային տեսուչը կդադարի կաշառք վերցնել։ «Եթե սահմանվեն օրենքի գերակայություն, պատասխանատվության գործուն միջոցներ և այլն, ո՞նց կարող են վերցնել»։ Կարծիքներ են հնչում, որ Կարեն Կարապետյանը փորձում է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունից առաջ դրական ֆոն ստեղծել Հանրապետական կուսակցության համար։ «Ի՞նչ հաղթանակ, եթե մենք կարող է երկիրը կորցնենք։ Է հաղթեք, մի հատ էլ հաղթեք։ Դրա համար ուզում եք նոր վարչապետներ բերեք, նոր մարդիկ դրեք։ Նման հաղթանակը առնվազն ծիծաղելի է»,- ասում է Վարդան Բոստանջյանը։ Կառավարության ծրագիրը մեր հարցման մասնակիցները դեռ չէին կարդացել, բայց հիմնականում դրական սպասելիքներ ունեն։ Ճիշտ է՝ պայմանավորված զուտ վարչապետի անձով։ Ի դեպ, Կառավարության ծրագիրը քննարկվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստում։ Մանրամասները՝ տեսանյութում