Տիգրան Սարգսյանի օֆշորային գումարները՝ «Նաիրիտ»-ի հաշվին. հայտարարություն՝ դեսպանի անունից (տեսանյութ)
«EU-ASIA business finance centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իր ղեկավարած հոլդինգում ստեղծել է «Նաիրիտ» գործարանի վերագործարկման կոնսորցիում: Այդ նպատակով նա Սլովակիայից ժամանած պատվիրակության հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա՝ մի շարք նախարարների։ Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ ինքը վարչապետի հետ հանդիպմանն ասել է, որ ընդդիմադիր է գործող ռեժիմին, սակայն ողջունում է կառավարության փոփոխությունը. «Ես ասացի վարչապետին, որ նրա մասնագիտական թիմից մեծ սպասելիքներ ունենք: Մեր այս այցից հետո Եվրոպայում կհայտնենք մեր կարծիքը: Սակայն ուզում եմ նշել, որ այս կառավարությունն էլ մասնակի է փոխվել՝ ռեժիմը չի փոխվել, քանի դեռ կան Սփյուռքի եւ Արտգործնախարարները, որոնց նկատմամբ ամբողջ եվրոպահայությունն ունի խիստ բացասական կարծիք»: «EU-ASIA business finance centre» հոլդինգի նախագահը վստահեցրեց նաեւ, որ վերադարձնել է ՀՀ, որպեսզի մեր երկիրը վերադարձնի միջազգային հարաբերությունների շրջանակ. «Նպատակներիցս մեկը ՀՀ-ն ներգրավելն է Մետաքսի նոր ուղու մեջ, որը շրջանցելու է մեր հարեւանին, ներգրավելու է Իրանը, եւ Դանուբով գցելու ենք մի նոր Մետաքսի ճանապարհ՝ ՀՀ-ն դարձնելով Չինաստանից դեպի Եվրոպա տարանցիկ ճանապարհ»: Ըստ նրա՝ իր 2-րդ ամբիցիոզ ծրագիրը ՀՀ միջով իրանական գազի տարանցիկ անցկացումն է. «Վարչապետը հոտնկայս դիմավորեց մեր այս առաջարկները ու եկել ենք համաձայնության: Միակ կնճռոտ խնդիրը «Նաիրիտ»-ի վերականգնման շուրջ մեր տարաձայնություններն էին, մինչդեռ գործարանը կարող է դառնալ մոդեռն արտադրություն ի դեմս հին «Նաիրիտ գիտաարտադրության միավորման». ՀՀ-ն ունի հիանալի քիմիկոսներ, եւ մեր ներդրողները դրանք հաշվարկել են: Սակայն առաջին անգամն եմ տեսնում, որ կառավարությունը ներդրողների մեջ փորձում է կասկածներ հարուցել՝ տվեց տարօրինակ հարցեր, օրինակ՝ նայե՞լ եք տասը տարվա կտրվածքով էներգակիրների մասով: Նախ, մի հատ պայմանավորվենք «Նաիրիտ»ը տալի՞ս եք մեզ կամ արդյոք մենք ուզո՞ւմ ենք այն, հետո ձեզ իրավունք վերապահեք ինձ նման հարցեր տվեք:Նախկին նախարար Յոլյանը պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում կարողացել է իր սեւ գործն անել, քանի որ գաղափար չունի էներգետիկայից»: Աշոտ Գրիգորյանը հավաստիացնում է՝ եթե չփորձեն խոչընդոտել իրեն, «Նաիրիտ»-ը կվերագործարկի. «Իսկ գիտե՞ք՝ ինչու է սնանկացել «Նաիրիտ»-ը, քանի որ պետությունն ինքն է մասնակցել գողությանը: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ի հետ կապված բոլոր գումարները գցել է իր օֆշորային հաշիվների վրա: Սլովակիայում Կիպրոսի դեսպանի անունից հաստատում եմ, որ Տիգրան Սարգսյանն ինքն է ստորագրել օֆշորային այդ հաշիվները: Պատրաստվում ենք հիմա առաջարկներ ներկայացնել: «Նաիրիտ»-ը տարիներ առաջ շատ ավելի հեշտ էր վերականգնելը, սակայն ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ մենք բոլոր պարտքերը պետք է փակենք: Դա ծիծաղելի էր, քանի որ Սլովակիայում նման գործարանը վերականգնելու համար պետությունն է փող տալիս: Մենք ՀՀ կառավարությունից փող չենք ուզում, քանի որ չունեն, սակայն նրանց գողությունների պարտքը չենք փակելու»: