Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանին պետք են տեսարաններ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Mediakentron

Հայաստանի կառավարության կազմում եղած նոր նշանակումներով եւ փոխատեղումներով կառավարությունը վերջնական տեսքի է բերվել։ Միայն թե քաղաքագետների եւ վերլուծաբանների ակնկալիքները նոր կառավարությունից այնքան էլ մեծ չեն. «Սերժ Սարգսյանին պետք են տեսարաններ, նա նշանակել է իր կարծիքով լավագույն շոումեններին : Հիմա ինչ կատարվում է՝ շոու է»,-ասում է քաղաքական վերլուծաբան  Արմեն Բաղդասարյանը: Նրա կարծիքով, Հայաստանի առջեւ ծառացած բոլոր խնդիրները ունեն քաղաքական պատճառներ, իսկ քաղաքական խնդիրները կարող է լուծել միայն քաղաքական թիմը: Մինչդեռ , նոր կառավարությունը այլ խնդիր է լուծում: «Այս կառավարությունը հասարակությանը հույսեր է  տալիս , ասում  է՝ չէ սպասեք, այսպես էլ է հնարավոր եւ երկարաձգում է պրոցեսը; Մեկը 20 անգամ շպրտում է գնդակը, այն ընկնում է գետնին, ասում են՝ սպասեք կարող է էս անգամ չընկնի, գնդակն են փոխում, հետո շպրտողին են փոխում, մինչդեռ պատճառն է պետք է հասկանալ: Ինչքան շուտ հասկանանք այնքան լավ»,- ասում է   Արմեն Բաղդասարյանը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ  Ավետիք Իշխանյանի կարծիքով, նախարարներ կան, որոնք անձեռնմխելի են, որոնք ինչ-որ պայմանավորվածությունների արդյունք են. «Արդյո՞ք վարչապետը ունի հենարան ԱԺ-ում, որովհետեւ փոփոխություն անելու համար այդ համակարգի ամենակարեւոր կետերին նա պետք է կպչեր»: Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը կառավարության ձեւավորման ընդհանուր սկզբունքը նմանեցնում է բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի ձեւավորման սկզբունքին: Ով ավելի շատ բաժնետոմսեր ունի՝ նա էլ իր մարդկանց է նշանակում: «Այս երկրի բաժնետոմսերի մեծ մասը Ռուսաստանի ձեռքում է գտնվում, նա էլ նշանակեց տնօրենների խորհրդի նախագահին՝ վարչապետին,  ԱԳՆ-ին, արեւմուտքն էլ իր շահերն ունի նա էլ ստացավ պաշտպանության նախարարին»,- ասաց  Ա. Բադալյանը: «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանի դիտարկմամբ՝ ԱԳՆ-ի պասիվության պայմաններում ՊՆ-ն որոշակի գործունեություն էր ծավալում, ընդ որում, ոչ միայն ռազմական կցորդների մակարդակով,  այն նաեւ դեսպանների հետ հանդիպումներով: Ըստ էության, սա ԱԳՆ-ի խնդիրն է: Վիգեն Սարգսյանի նշանակմամբ դիվանագիտական բաղադրիչը ՊՆ-ում կմեծացնի; Ձեւավորված նոր կառավարությունը 20 օրյա ժամկետում պետք է ներկայացնի հետագա գործունեության  իր ծրագիրը։