ՀՀԿ-ն նպատակ չունի աշխատել «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ նիստում հանդես եկավ արտահերթ ելույթով: ՀՀԿ խոսնակը նշեց, որ ԿԸՀ-ը Տիգրան Մուկուչյանի շնորհիվ տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների. «ԿԸՀ-ի դերը ընտրական գործընթացում չափազանց մեծ է: Ես հեռու եմ այն մտքից, որ թե ԿԸՀ-ն, թե ՀՀ քաղաքական ուժերը իդեալական են, բայց առաջընթաց է նկատվում ու այստեղ մեծ է ԿԸՀ-ի Տիգրան Մուկուչյանի դերը: 2011-ից մինչ օրս որևէ միջազգային դիտորդական առաքելություն կասկածի տակ չի դրել, ո՛չ ընտրությունների, ո՛չ էլ ԿԸՀ որևէ աշխատակցի պրոֆեսիոնալիզմը»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովն իր ելույթում անդրադարձավ նաև հոկտեմբերի երկուսին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին. «Հանրապետականը երբեք նպատակ չունի աշխատելու «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, մենք ազատ ընտրությունների կողմնակիցն ենք, որովհետև ՀՀ-ն բոլորիս հայրենիքն է»,-նշեց Շարմազանովը: ԱԺ փոխնախագահն իր ելույթի ավարտին պատգամավորներին կոչ արեց իրենց ձայնը տալ Տիգրան Մուկուչյանին: