Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չպետք է մեր ուղեղի մեջ լինի այն, որ օլիգարխի դեմ պետք է պայքարել». նախարար (տեսանյութ)

Տնտեսություն
finance-nkar

Ֆինանսների նախարարն օլիգարխների դեմ կպայքարի նոր մեթոդներով. «Մենք պետք է ստեղծենք համակարգեր, որ թույլ չտա նմանատիպ ազդեցություն ունեցող մարդիկ չարաշահեն իրենց ռեսուրսները։ Սրա լավագույն տարբերակը էլեկտրոնային համակարգերն են ու թափանցիկությունը»։ Վարդան Արամյանի թիվ մեկ խնդիրը պետական բյուջեի կայունությունն ապահովելն է։  Դա թույլ կտա զսպել պետական պարտքի հետագա աճը, տնտեսություն էլ կսկսի շնչել։ «Աշխարհում ոչ մի երկիր չկա, որ ունենա պարտքի ճգնաժամ ու հետևից միանգամից տնտեսական ճգնաժամ չունենա, որովհետև պարտքի ճգնաժամը միանգամից խոցում է ֆինանսական շուկաները, ֆինանսական շուկան էլ միանգամից խոցում է տնտեսությունը»,- ասում է նախարարը։ Բյուջեի գումարները խնայելու համար Կառավարությունը կկրճատի կատարվող ծախսերը։ Ֆինանսների նախարարն ասում է, թե ինչի հաշվին են պատրաստվում դա անել։ «4 միլիարդի չափով մենք կունենանք կրճատում պետական ապարատի պահպանման մասով, շուրջ 1.2 միլիարդի չափով գյուղատնտեսության ոլորտից կրճատում կունենանք։ Ծրագրերի իրականացման գրասենյակների միջոցները ավելի պահպանողական կծախսենք, կունենանք նվազեցում շուրջ 35 միլիարդի կարգի»։ 2017 թվականի բյուջեով կենսաթոշակ ու նպաստ ստացողներն ուրախանալու առիթ չեն ունենա։ Նախարարի խոսքով՝ հաջորդ տարի դրանց չափերը չեն բարձրանա, ինչն ունի տնտեսագիտական հիմնավորում։ «Ճիշտ չի, որ մենք պարտք վերցնենք ու թոշակ և նպաստներ տանք։ Ավելի լավ է՝ մենք տնտեսական աճին ձեռնամուխ լինենք, դրանից հետո մենք ադեկվատ կբարձրացնենք թոշակները»,- նշում է Վարդան Արամյանը։ 2014 թվականին 700 միլիոն դոլարով կրճատվել են արտերկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները։  2015-ին ու 2016-ին շարունակվել է այդ անկումը։ Ճեղքը փակելու համար պետությունը երեք տարում 900 միլիոն դոլար պարտք է վերցրել՝ պետական պարտքը հասցնելով 5.8 միլիարդ դոլարի։ Այդ ցուցանիշը մոտ է պետական պարտքի թույլատրելի 60% շեմին։ Սակայն դեռևս անհանգստանալու կարիք չկա։  «Կարևոր է նաև քո պարտքի կառուցվածքը։ Այսօր մեզ մոտ պարտքի կառուցվածքի գերակշիռ մասը արտոնյալ պայմաններով պարտք է»,- ասում է պարոն Արամյանը։ Նախարարի խոսքով՝ տնտեսական աճի ծրագրված ցուցանիշը հաջորդ տարվա համար 3.2% է։ Նման հաշվարկ անելիս նախարարության մասնագետները հաշվի են առել  առկա տնտեսական իրողություններն ու սպասելիքները։