Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիայի հետևանքով ամեն տարի 1.5 միլիարդ դոլար է փոշիացվում (տեսանյութ)

Տնտեսություն
korupcia

Կոռուպցիան Հայաստանում համակարգային երևույթ է արդեն 25 տարի։ Նման երկարակեցությունը պայմանավորում են քաղաքական իշխանության հետ՝ նրա ամուր կապերով։ Կոռուպցիայի ազդեցությունը տեսանելի է ամենուր։ «Խնդիրներ է ստեղծում ոչ միայն տնտեսության, այլ նաև հանրային սեկտորի համար, կլանում է հսկայական ռեսուրսներ, որոնք կարող էին ուղղվել աշխատատեղերի ստեղծմանը, զարգացմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Փորձագիտական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի 10 միլիարդ դոլարից 1.5 միլիարդն ամեն տարի փոշիացվում է։ Այդ գումարները դուրս են բերվում տնտեսական շրջանառությունից, հանրային շահին ծառայելու փոխարեն՝ հայտնվելով այլ տեղերում։ «Բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ունեն որոշակի լիազորություններ, ունեն որոշակի դիրք՝ պետական հիերարխիայում, ունեն բիզնեսներ, չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը, իրականացնում են յուրացումներ՝ պետական գնումների և բյուջետային համակարգերի միջոցով»,- նշում է տնտեսագետը։ Պաշտոնը ստանձնող  ցանկացած վարչապետ հայտարարել է կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին։ Վերջին արշավը գլխավորեց Հովիկ Աբրահամյանը։ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը գործեց մեկուկես տարի։ «Խնդիրը քաղաքական է։ Նախ՝ պետք է ձևավորվի լուրջ ծրագրային հենք ունեցող լեգիտիմ իշխանություն։ Պետք է իրականացնել կապիտալի համաներում, այսինքն՝ նրանք, որոնք գողացված միջոցներ են, պետք է հայտարարագրվեն, պետությունը պետք է ընդունի, ճանաչի որպես լեգիտիմ միջոցներ և այդ կետից սկսած իրականացնի խստագույն հաշվառում»,- ելք է առաջարկում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Ըստ նրա՝ սրան զուգահեռ պետք է իշխանությունն անցնի ցավոտ ռեֆորմների՝ հատկապես հարկային ու մաքսային ոլորտներում։ Ի դեպ, Կարեն Կարապետյանի նշանակումը Ատոմ Մարգարյանին հույսեր տալիս է։ «Պրոֆեսիոնալ մենեջմենտի տեսանկյունից մարդն ապացուցել է իր գործունեության արդյունավետությունը, բայց այն, ինչ որ հիմա է իրեն առաջարկվել և  ինքը հանձնառել է, դա ավելի շատ քաղաքական մենեջմենտի տիրույթում է»։ Արդյո՞ք նոր կառավարությունը կկարողանա պայքարել կոռուպցիայի դեմ։ Քաղաքացիների տեսակետները տարբեր են։ «Կան ոլորտներ, որտեղ հին մարդիկ են շարունակում գործունեություն ծավալել ու իրենք կոռումպացված են սարքում այդ համակարգը, ինձ թվում է՝ մեկ վարչապետի փոփոխությամբ ոչինչ չի փոփոխվի»։ Կա նաև այսպիսի կարծիք. «Եթե հասարակաց տան կանանց փոխեն, այդ հասարակաց տունը չի դառնա մշակույթի օջախ»։ Կոռուպցիան Հայաստանից արմատախիլ անել հնարավոր է, միանշանակ պնդում են քաղաքացիները։ Ավելացնելով՝ դրան հասնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։