Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջորդ տարի կնկատվի վարկային տոկոսադրույքների իջեցում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
bank

Հայաստանյան 19 բանկերից 9-ն արդեն բավարարել են Կենտրոնական բանկի պահանջն, ըստ որի՝ մինչեւ 2017 թ-ի հունվար պետք է կանոնադրական կապիտալը համալրեին՝ հասցնելով 30 մլրդ դրամի կամ 60 մլն դոլարի։ Մասնավորապես, ամենախոշոր ՝ «Ամերիաբանկն» ունի 60,2 մլրդ դրամ,  «ԱԿԲԱ կրեդիտ- ագրիկոլ» բանկը՝ 55,5 մլրդ դրամ, HSBC-ն՝ 54,56 մլրդ դրամ, «Արտշինբանկը»՝ 52,5 մլրդ դրամ, ՎՏԲ-ն ՝ 41,2 մլրդ դրամ, «Ինեկոբանկը»՝ 40,7 մլրդ դրամ, «Արմսվիսբանկը»՝ 33 մլրդ դրամ, «Հայբիզնեսբանկը»՝ 32,1 մլրդ դրամ, «Արարատբանկը»՝ 31,5 մլրդ դրամ: Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանի համոզմամբ՝ եւս  6-7 բանկ հավաքելու են այդ կապիտալը։ Մնացած 4-5-ն էլ, թեեւ հետ են մնացել, սակայն չի նշանակում, որ չեն հավաքելու։ Իրենք էլ են կատարում աշխատանքներ: «Կարող են իրենց սեփականատերերը ներդնեն պահանջվող գումարը, կարող է հրավիրեն դրսից կամ ներսից նոր սեփականատերեր։ Կարող են միավորվել»,-ասաց Ս. Ճզմաչյանը: Որ հաջորդ տարեսկզբին նվազագույնը 15 բանկ կշարունակի գործունեությունը՝ բանկերի միության նախագահը չի կասկածում։ Կասկածում է, որ բանկային համակարգում նոր խաղացողներ կհայտնվեն: Նման ցանկություն ունեցողները մոտավորապես 100 մլն դոլարի կապիտալով պետք է շուկա մտնեն, եթե իհարկե ցանկանում են լուրջ դերակատարում ունենալ: Պատահական չէ, որ կանոնադրական կապիտալի շեմի բարձրացումը համընկավ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը»։ Որքանով լավ կլիներ, որ եվրասիական գոտու բանկերը մտնեին մեր շուկա, եւ մերոնք չկարողանային նրանց հետ մրցակցել՝ թեկուզ էն բանի համար, որ մեզ մոտ վարկային տոկոսադրույքները բարձր կլինեին, էդ տեսակետից արդարացված է կանոնադրական կապիտալի բարձրացումը»,-ընդգծեց նա։ Սամվել Ճզմաչյանը նկատում է՝ կանոնադրական կապիտալը համալրելուց հետո բանկերը ձեռնամուխ են լինելու տնտեսության իրական հատվածի զարգացմանը: «Հաշվարկները ցույց են տալիս, որ այս խոշորացումների հետեւանքով բանկային համակարգում կապիտալիզացիան կավելանա մոտ 300 մլն դոլարի չափով, իսկ դա մեր փոքր տնտեսության համար բավականին ռեսուրս է, որ տնտեսությունը զարգանա»; Բանկերն այդ միջոցները տեղաբաշխելու խնդիր են ունենալու: Արդյունքում կանխատեսվում է, որ մոտավորապես հաջորդ տարվա կեսերից կնկատվեն վարկային տոկոսադրույքների իջեցում՝ նվազագույնը 2 տոկոսի սահմաններում: