Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանի նոր պաշտոնը շատ բան չի փոխի. փորձագետներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
seyran1

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջիկայում կարող է գլխավորել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Հայաստանի կառավարությունում իր աղբյուրին հղմամբ՝ ռուսական «Ինտերֆաքս» լրատվամիջոցի հրապարակած այս տեղեկությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հնարավոր նշանակումից տեղյակ չէ նաև իշխանության ներկայացուցիչը։ «Չեմ կարող այս պահին կոնկրետ նշել  կոնկրետ թեկնածության հետ կապված, բայց որ լինելու է Հայաստանի ներկայացուցիչ, դրանում կարող եք վստահ լինել»,- ասում է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնելու իրավունքը ռոտացիոն սկզբունքով փոխանցվում է կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետության։ Իսկ արդյո՞ք Սեյրան Օհանյանը, կամ մեկ ուրիշը կլինի Հայաստանի ներկայացուցիչն այդ պաշտոնում, կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ։ «Իհարկե մեզ համար շահեկան է Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց չպետք է չափազանցնել  և կարծել, որ միայն այդ փաստով բոլոր հարցերում մենք կարող ենք ակնկալել մեզ համար ամենաշահեկան լուծումներ»,- ասում է պարոն Նահապետյանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայաստանցի ներկայացուցիչ ունենալու հարցում ոգևորված չեն հայաստանցի փորձագետները։ Նրանց գնահատմամբ՝ դրանից հետո դժվար թե դաշինքը կոշտացնի դիրքորոշումը Հայաստանի սահմաններին ադրբեջանական հերթական ագրեսիայի պարագայում։ Սերգեյ Մինասյանը նշում է. «Պիտի հասկանանք, որ չափից ավելի սպասումներ մենք պիտի չունենանք ՀԱՊԿ-ց։ Մեզ համար ՀԱՊԿ-ը նշանակություն ունի գլխավորապես միայն այն հանգամանքով, որ կապ ունի երկկողմ հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական հարաբերությունների հետ»։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն այսպես է մեկնաբանում. «ՀԱՊԿ անունից կարելի է հայտարարություն անել, երբ այդ հայտարարությունը համաձայնեցված է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ։ Հաշվի առնելով, թե որ երկրներն են մտնում այդ կառույցի մեջ, պետք է իրատեսորեն այդ հնարավորությունները պատկերացնել։ Այդ երկրներն ինչպես չեն տեսել էական բաներ, մենք էլ շարունակելու ենք չսպասել ինչ-որ էական բաներ»։ Փորձագետները պնդում են՝ այս նշանակումը որևէ կերպ չի անդրադառնա ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների վրա։ Հյուսիսատլանտյան դաշինքում լավ գիտակցում են՝ ով էլ լինի գլխավոր քարտուղարը, որևէ պետություն Ռուսաստանից բացի ՀԱՊԿ-ում որոշումներ կայացնող չէ։