Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledֆֆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Իսկապես քաղաքական թեժ ամառ ունեցանք այս տարի: Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը ավարտվեց ընդդիմության բնույթի եւ էության մասին բուռն քննարկումներով, իսկ «Սասնա ծռեր» խումբը իր հուսահատ եւ վիճելի քայլով ազդարարեց Հայաստանում հաստատված վստահության ճգնաժամի ծայրահեղ բնույթը: Մենք շարունակում ենք վերապրել Խորենացի փողոցի ամառային օրերը, բայց հիմա աշուն է, եւ ունենք այն, ինչ ունենք. Սերժ Սարգսյանը ոչ միայն շարունակում է մնալ Բաղրամյան 26-ում, այլեւ նրա եղբայր Լեւոնը Գյումրիի ավագանու որոշմամբ հռչակվել է հանրապետության երկրորդ քաղաքի պատվավոր քաղաքացի: Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ Սարգսյան եղբայրներից առնվազն Սերժն ու Սաշիկը Հայաստանի տարածքում ոչ թե ստանային, այլ զրկվեին քաղաքացիությունից, մի պարզ հիմնավորմամբ. հենց նրանց գործունեության արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ դե ֆակտո, կամ դե յուրե դադարել են անկախ Հայաստանի քաղաքացի լինել: Միլիոնավոր հայեր սկսել են մտածել, կասկածել, թե ի՞նչ է ի վերջո Հայաստանի Հանրապետությունը իրենց համար. հայրենի՞ք, թե պատիժ ու պատուհաս: Այս իմաստով պատեհ եմ համարում անդրադառնալ հանրության շրջանում եւ սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող մի հարցի, թե Հայաստանի ղեկին կանգնած անձանցից ո՞վ է ամենամեծ պատասխանատուն Հայաստանի այսօրվա հուսահատ վիճակի, միլիոնների հասնող արտագաղթի համար: Մեր պատասխանը միանշանակ է. Հայաստանի այսօրվա վիճակի թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որովհետեւ վերջին 23 տարում նա մշտապես եղել է Հայաստանում որոշումներ կայացնող իշխանական «էլիտար պոլիտբյուրոյի» անդամ: Այդ պոլիտբյուրոն սկզբում բաղկացած էր հինգ հոգուց, հետո դարձավ եռյակ, հետո զույգ, դրա կազմը անընդհատ փոփոխվել է, բայց Սերժ Սարգսյանը Հայաստանի ճակատագիրը որոշած իշխանական թոփ վերնախավի միակ անփոփոխ անդամն է՝ սկսած 1993 թվականից, երբ նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարար: Դրանից հետո Սերժ Սարգսյանի զբաղեցրած ամենացածր պաշտոնը եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարը, որը միայն ժամանակավոր կարգավիճակ էր ու տեւել է ընդամենը 7 ամիս: Սարգսյանը Երրորդ հանրապետության պատմության միակ գործող անձն է, ով թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին վայելել է վերջիններիս անվերապահ վստահությունը, ունեցել է իրական եւ աճող իշխանություն եւ ի վերջո՝ դարձել է եթե ոչ ավելի, ապա նույնքան ազդեցիկ որքան պետության առաջին դեմքերը: Իսկ 2008 թվականից իշխանության միակ իրական կրողն է: Եւ ուրեմն, Սերժ Սարգսյանը ուղիղ առնչություն ունի Հայաստանը բնականոն զարգացման հունից դուրս նետած առանց բացառության բոլոր ցնցումների հետ: 1996 եւ 1998 թվականների նախագահական կեղծված ընտրությունների եւ դրանց կապակցությամբ ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդումների ենթարկելու ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը ղեկավարում էր ազգային անվտանգության պետական վարչությունը, ապա Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար էր: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության նախարար էր, երկրի ղեկավարության անվտանգության թիվ 1 պատասխանատու: 1995-ից 1999 թվականներին, երբ նա ղեկավարում էր Ազգային անվտանգության համակարգը, Հայաստանը միայն նախագահի՛ սպանությունից է զերծ մնացել, գուցե նաեւ այն պատճառով, որ այդ ընթացքի մեծ մասում նախագահ չի էլ ունեցել Հայաստանը: Այդ ժամանակահատվածում սպանվել են՝ ԱԺ նախագահ, վարչապետ, ԱԺ փոխնախագահներ, գլխավոր դատախազ, նախարար, Ներքին զորքերի հրամանատար, փոխնախարար, ԱԺ պատգամավոր: Եթե սրան գումարենք 1998թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը «ձեզ հայտնի ուժերի պահանջով»՝ պատկերը կդառնա ավելի ամբողջական: Սերժ Սարգսյանի դերակատարումը առավել վճռական է եղել 2003, 2008, 2013 թվականնների նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընդդիմադիր գործիչներին քաղաքական հետապնդումների ենթարկելու, 2008 թվականի մարտիմեկյան սպանդը կազմակերպելու գործում: 2003-ին նա Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետն էր, Պաշտպանության նախարար եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2008 թվականին վարչապետ եւ նախագահի իշխանական թեկնածու, ով ԿԸՀ կողմից հռչակվել էր ընտրված նախագահ, 2013-ին արդեն երկրի դե ֆակտո առաջին դեմք, ով մինչեւ օրս շարունակում է բանտերում պահել բազմաթիվ քաղաքական գործիչների: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԼՂՀ-ն պաշտանական տվյալներով 800 հեկտար տարածք կորցրեց Սերժ Սարգսյանը արդեն 8 տարի Հայաստանի Զինված ուժերի դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է, դրանից առաջ 7 տարի, 2000-ից 2007 թվականներին, եղել էր պաշտպանության նախարար: Վերջերս, ի դեպ, հաճախ է քննարկվում հարցը, թե Սերժ Սարգսյանը հող հանձնո՞ղ է, թե ոչ: Կներեք, բայց հող հանձնելը պոզով պոչո՞վ է լինում: Եթե երկար տարիներ առաջնագծի կենսական պահանջները ոչ միայն չեն լուծվում, այլեւ բացահայտորեն արհամարհվում են, դա հանուն ինչի՞ է արվում, եթե ոչ հող հանձնելու: Ամփոփելով Սերժ Սարգսյանի գործունեության հետ ուղղակի առնչություն ունեցող ցնցումների շարքը, ընդգծենք. երբ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարիթաղում տեղի ունեցավ ցուցարարների եւ լրագրողների ուղղորդված ջարդ, Սերժ Սարգսյանը Հայաստանի դե ֆակտո ղեկավարն էր: Երկար տարիներ նրա վարչախմբի թույլ տված ապօրինությունները, կոռուպցիան, քաղաքական հետապնդումներն էին, որ հանգեցրին Ոստիկանության Պարեկապահակային գնդի շուրջ ողբերգական իրադարձությունների ծավալմանը եւ անձամբ Սերժ Սարգսյանն է տեղի ունեցածի թիվ 1 պատասխանատուն: Սարգսյանի հետ կապված հակապետական երեւույթների թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել: Եւ սա չեմ անում պատմական ակնարկի համար: Սա անում եմ ցույց տալու, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական մետաստազները հեռացված չեն իշխանությունից, Հայաստանի Հանրապետության պատմությունը հարստանալու է նոր ցնցումներով, նոր կորուստներով, նոր անկումներով: Սերժ Սարգսյանի եւ նրա քաղաքական մետասատազների հեռացումը կառավարման ղեկից՝ կենսական նշանակություն ունի Հայաստանի համար եւ բխում է մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերից: Սարգսյանի հետ գործակցության, կուլիսային բանակցության, քաղաքական եւ քաղաքագիտական խաղերի ցանկացած դրսեւորում, անկախ նրանից, թե ի՞նչ քողի տակ է արվում՝ ազգային համաձայնության կառավարության ձեւավորմա՞ն, թե հայրենիքի գլխին կախված վտանգի՝ անընդունելի եւ դատապարտելի է  մեզ համար: Այս է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժել է սահմանադրական փոփոխությունները քննարկելու Սերժ Սարգսյանի հրավերը: Այս է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավորինս հեռու է մնացել 4+4+4 ձեւաչափի մարիոնետային բանակցություններից, որովհետեւ բանակցողներն իրականում նրանք չէին, որ նստում էին տեսախցիկների առաջ, եւ բանակցությունների ամենակարեւոր նյութն էլ ամենեւին Ընտրական օրենսգիրքը չէր: Այս է պատճառը, որ մենք խստորեն քննադատել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հուլիսի 22-ի խայտառակ հայտարարությունը: Այս է պատճառը, որ խստորեն քննադատել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, ինչպես իրենք են ասում, թեկուզ պայմանականորեն, թեկուզ ժամանակավորապես հրաժարվելու «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Սասնա ծռեր» խմբի քաղաքական ղեկավարության գործելակերպը: Ոմանք համարում են, թե մենք դա արել ենք ամենաանհարմար պահերին, բայց մենք չենք գործել եւ չենք գործելու սոցիալական ցանցերին կամ որեւէ մեկի հաճոյանալու տրամաբանությամբ: Մենք գործելու ենք հանրության հետ անկեղծ եւ ազնիվ լինելու, մեր քաղաքական սկզբունքներն ու ինքնությունը արձանագրելու եւ այդ ամենը ժամանակին ու տեղում անելու տրամաբանությամբ: Սիրելի ժողովուրդ. Առաջին անգամը չէ, որ Ազատության հրապարակի այս հարթակից խոսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու կենսական անհրաժեշտության մասին: Բայց մենք պետք է նոր խոսակցություն ունենանք, նոր բովանդակություն ստեղծենք՝ իշխանափոխության ծագումնաբանության, մեթոդների եւ սկզբունքների վերաբերյալ: Մեր կարծիքը միանշանակ է. քաղաքական որեւէ ուժ, որեւէ քաղաքական առաջնորդ չի կարող որոշում կայացնել Սերժ Սարգսյանին կամ որեւէ մեկին իշխանությունից հեռացնելու մասին: Քաղաքական ուժը կարող է ձեւակերպել, հիմնավորել տվյալ որոշման, փոփոխության անհրաժեշտությունը, բայց բուն որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, իր սահմանադրական բարձրագույն ուժով: Քաղաքական ուժը, տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ժողովրդի կողմից որոշումը կայացվելու դեպքում, պետք է լինի այն ի կատար ածելու կազմակերպիչը, երաշխավորը: Եւ նրա գործողությունները պետք է հիմնված լինեն ժողովրդի կամարտահայտման լեգիտիմ հենքի վրա: Այս իմաստով ոմանք թյուրիմացության մեջ են, մտածելով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության փոփոխության միակ մեթոդ ու եղանակ համարում է ընտրությունները: Մեր կուսակցության ծրագրում հստակ ամրագրված է նաեւ Թավշյա հեղափոխությունը, որպես երկրում իշխանափոխություն իրագործելու ընդունելի մեխանիզմ: Բայց որեւէ իշխանափոխություն մենք անհնար եւ անընդունելի ենք համարում առանց ժողովրդի հստակ, տեսանելի եւ ապացուցելի կամարտահայտման: Հետեւաբար, մեր քաղաքական գործունեության գաղափարական հիմքը ոչ թե ընտրություններն են կամ թավշյա հեղափոխությունը, այլ ժողովրդի կամարտահայտությունը: Ընտրությունները մեզ հետաքրքրում են միայն ու միայն որպես ժողովրդի կամքի արտահայտման հնարավորություն, որովհետեւ  միայն ժողովրդի տեսանելի, ստուգելի եւ չափելի կամքն է, որ պետք է որոշի, թե ինչ պետք է անենք մենք՝ գնանք Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանից ազատելու՞, թե պետք է գնանք տներով, սպասելով ժողովրդի կամարտահայտման հաջորդ պատեհ առիթին՝ աշխատելով ամեն ինչ անել, որ այդ հերթական կամարտահայտումը լինի մեր քաղաքական պատկերացումներին համապատասխան: Ահա այս արձանագրումն ակնհայտ է դարձնում, թե որը պետք է լինի իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն համարող քաղաքական ուժի՝ տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անելիքը: Մեր խնդիրն է, ըստ այդմ, ձեւավորել ժողովրդի կամարտահայտման համար անհրաժեշտ բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները, այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն կտա ոչ միայն ենթադրաբար, այլեւ տեսանելի եւ ապացուցելի կերպով արձանագրել ժողովրդի կամքն ու ցանկությունը, եւ այդ կամքը վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի՝ այն չափերով եւ ծավալով, որ համապատասխանում է ժողովրդի կամքին ու որոշմանը: Ուշադրություն դարձրեք՝ այն չափերով եւ ծավալով, որ համապատասխանում է ժողովրդի կամքին ու որոշմանը: Այս մեխանիզմի կարեւորագույն բաղադրիչներից մեկը, ուրեմն, 6000 վստահված անձ նախագիծն է: Գաղափարը հետեւյալ է. Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրական տեղամասի հաշվարկով ունենալ առնվազն երեքական վստահված անձանց թիմեր, մի համակարգ, որ չի ունեցել Երրորդ հանրապետության եւ ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ: Թյուրիմացության մեջ են բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են թե 6 հազար վստահված անձ նախագիծը միայն ընտրական իշխանափոխության համար նախատեսված մեխանիզմ է: Այո, ընտրությունների ժամանակ այս մարդիկ դառնալու են փաստահավաք այն թիմը, որի գործունեության արդյունքում է պարզվելու, թե ի վերջո ի՞նչ որոշեց ժողովուրդը, որովհետեւ ինչպես ասացի, մենք կարող ենք ու պիտի գործենք բացառապես ժողովրդի կայացրած որոշման, այսինքն՝ տրված մանդատի շրջանակներում: Եթե ժողովուրդը կայացրել է իշխանափոխություն անելու որոշում, կամ ժողովրդի հավաքական կամքի արտահայտման վրա բռնացել են ու մենք դա կարող ենք ապացուցել, ուրեմն մեր խնդիրը կլինի անցնել թավշյա հեղափոխության ռեժիմին, որի կարեւորագույն կոմպոնենտը ժողովրդի կամքի ցուցարդրումն է փողոցներում եւ հրապարակներում, ապա եւ՝ ժողովրդական զանգվածների կենտրոնացումը Երեւան քաղաքում՝  24 ժամվա ընթացքում իշխանափոխությունը կյանքի կոչելու համար: Ահա, այս ժամանակ է, որ 6000 վստահված անձինք լինելու են քաղաքական պրոցեսի առավել վճռական գործոն, դառնալով մոբիլիզացիայի, ժողովրդի կամարտահայտման հավաքները կազմակերպողների համահայաստանյան մեխանիզմ: Սա կարեւոր է, որովհետեւ ժողովուրդը միայն Երեւան քաղաքը եւ Երեւան քաղաքի կենտրոնը չէ: Ժողովուրդը այն մարդիկ են, որոնք ապրում են ողջ հանրապետության տարածքում, եւ նրանց կամքը, այդ կամքի արտահայտումն է վճռական գործոնը՝ իշխանափոխություն իրականացնելու համար: 6000 վստահված անձինք այն մարդիկ են, ովքեր դառնալու են ժողովրդական կամքի ցուցադրման վճռական գործոնը անկախ նրանից ներքաղաքական պրոցեսները ի՞նչ սցենարով կզարգանան՝ ընտրակա՞ն, թե թավշյա հեղափոխական: Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ իշխանափոխություն է պետք անել, ի՞նչ վստահված անձ, հաստատաբար չեն հասկանում՝ ինչ ասել է իշխանություն, ի՞նչ ասել է իշխանափոխություն եւ ինչ ասել է քաղաքականություն: Եւ ուրեմն, զարմանալի չէ, որ նրանց գործունեության արդյունքը միայն հուսալքությունն է, հիասթափությունը, պարտությունը: Իսկ մենք ասել ենք՝ ժողովրդին չենք առաջնորդելու դեպի պարտություն: Սիրելի հայրենակիցներ. Ժողովրդի կամարտահայտման հաջորդ ինստիտուցիոնալ մեխանիզմը այն է, ինչ վերջին ամիսներին թեժ կրքեր է բորբոքել Հայաստանի քաղաքական կյանքում, Ազգային ժողովում եւ դրա պատերից դուրս: Մենք ասել ենք եւ ասում ենք՝ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն: Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու՞ ենք այդքան կարեւորում 1 ընդդիմության գաղափարը եւ այս համատեքստում քննադատում իրենց ընդդիմություն հռչակած շատերին: Այդպես ենք վարվում, որովհետեւ համոզված ենք՝ Հայաստանում իշխանության հարցը չի լուծվելու, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը: Ընդդիմությունը իշխանափոխություն իրականացնելու գործիքն է, եւ եթե այդ գործիքը խափանված է, իշխանափոխության մասին խոսակցությունները հավերժ մնալու են խոսակցություն: Եթե ընդդիմությունը մեկը չէ, ուրեմն՝ իշխանափոխության հույսերը սին են, որովհետեւ իշխանությունը մեկն է եւ կոնկրետ, նրա դեմ կռիվ կարող է տալ այն ընդդիմությունը, որ նույնքան կոնկրետ է, նույնքան ինստիտուցիոնալ եւ նույնքան մոբիլ: Հայաստանի քաղաքացին ունի 1 ձայն, եւ նա պետք է հստակ իմանա, թե ում պետք է տա այդ ձայնը, որպեսզի դա նշանակի, որ ինքը քվեարկում է հօգուտ իշխանափոխության: Մեկ ընդդիմությունը հանուն իշխանափոխության տրվող ձայները չփոշիացնելու միակ մեխանիզմն է: Բայց սա կարեւոր է ոչ միայն ընտրական տեղամասի այլեւ թավշա հեղափոխության, այսինքն՝ հանրահավաքային պրոցեսի դեպքում: Քաղաքացին պետք է իմանա, թե ո՞վ, քաղաքական ո՞ր սուբյեկտն է իշխանափոխության պատասխանատուն, պրոցեսի ընթացքի վերաբերյալ ովքե՞ր են որոշում կայացնում եւ ինչպե՞ս: Մեկ ընդդիմության ձեւավորման անհրաժեշտությունը Հայաստանի քաղաքական կյանքում ներկա է եղել միշտ, պարզապես այն ձեւակերպվել է որպես ընդդիմության միավորման՝ հայաստանյան պայմաններում հակաքաղաքագիտական խնդիր: Ինչու՞ է այս խնդիրը հակաքաղաքագիտական. մի պարզ պատճառով. ինչքան էլ դու համախմբես ընդդիմադիր դաշտը, իշխանությունը կբուծի նոր ընդդիմադիրներ եւ ընդդիմության համախմբման խնդիրը գործնականում կլինի անլուծելի: Կամ համախմբումների մեջ անպայմանորեն կսողոսկեն ուժեր, որոնց միակ խնդիրն ու նպատակը պրոցեսը ձախողելը կլինի: Հետեւաբար, ժողովուրդը պետք է ոչ թե ընդդիմադիրներին համախմբելու խնդիր դնի, այլ որոշի, թե ո՞վ է այն մեկ ընդդիմությունը, որի հետ ինքը կապում է իշխանափոխության հույսեր, եւ պատրաստ է նրան իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալ: Ուզում եմ մեկընդմիշտ պարզաբանել. «Քաղաքացիական պայմանագիրը», այո, հավակնում է մեկ ընդդիմության կարգավիճակին: Բայց ժողովուրդը, միայն ժողովուրդը պետք է որոշի, թե ու՞մ է համարում մեկ ընդդիմություն: Եւ ու՞մ էլ համարի այդպիսին, հենց նրանից, միայն ու միայն նրանից պետք է ակնկալի փոփոխությունների իրագործումը: Հին եւ բոլորին հայտնի ընդդիմադիր աջաբսանդալների մեխանիզմը մեզ համար անընդունելի է, եւ ուզում եմ հստակ ասել. մենք չենք լինելու այն քաղաքական հարթակներում, որոնք ժողովրդին տանում են ակնհայտ պարտության եւ հուսահատության, մենք չենք կանգնելու այն ուժերի կողքին, որոնց սկզբունքներն անընդունելի են, որոնց նպատակները մութ են, որոնք գաղտնիքներ ունեն ժողովրդից եւ հնարավոր են համարում Սերժ Սարգսյանի հետ թաքուն բանակցություններ վարելը, որոնց բովանդակությունը գաղտնի է ժողովրդի համար: Բոլոր նրանք, ովքեր մեզ կոչ են անում մի կողմ դնել սկզբունքները, համոզմունքները, ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները՝ նմանվում են բռնամուսնություններ, օժիտով ամուսնություններ, խաբեությամբ ամուսնություններ քարոզողներին: Մեզ քաղաքական «Խաթաբալայի» մեջ ներքաշելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Բայց մյուս կողմից, եթե դաշտում կան քաղաքական ուժեր, խմբեր որոնց հետ մենք ունենք ռազմավարական եւ մարտավարական հեռանկարի, սկզբունքների, համոզմունքների եւ տեսլականի ընդհանրություններ, մենք նրանց հետ պիտի քննարկենք ոչ թե իրենց դարն ապրած նախընտրական եւ հետեւաբար ժամանակավոր դաշինքներ կազմելու, այլ մեկ ընդհանուր քաղաքական ուժ դառնալու, մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը: Համագործակցության այլ ֆորմատ մեզ համար առնվազն դժվար պատկերացնելի է: Մեզ համար դժվար պատկերացնելի է նաեւ քաղաքական գործակցությունը այնպիսի սուբյեկտների հետ, որոնք ուղիղ կապ ունեն Սերժ Սարգսյանի ապօրինի վարչակազմի ծագումնաբանության հետ: Ընդհանրապես անհասկանալի է, որ այնպիսի սուբյեկտներ, ինչպես ՕԵԿ-ն ու Արթուր Բաղդասարյանը, Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարան ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանը, որոնք Սերժ Սարգսյանին իշխանության բերած գլխավոր գործող անձանցից են, այսօր Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության հայտ կարող են ներկայացնել: Մեր դիրքորոշումը այս սուբյեկտների վերաբերյալ միանշանակ է. նրանք Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չպետք է ունենան: Մենք նրանց համարում ենք նույնպիսի չարիք, ինչպիսին Սերժ Սարգսյանին, եւ ոչ միայն Հովիկ Աբրահամյանին ու Սամվել Ալեքսանյանին ենք համարում Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության մետաստազ, այլեւ մուրաբայի եւ տուկի թելի դիմաց կամ անողնաշարության բերումով Հայաստանի պետականությունը Հյուսիսում եւ Արեւմուտքում վաճառքի հանած՝ թոշակառու, արձակուրդ վերցրած, գործող եւ նորակոչիկ հաճախորդներին: Սիրելի ժողովուրդ. Հարկ եմ համարում առանձնահատուկ ընդգծել. մենք պակաս վտանգավոր չենք համարում քաղաքական դաշտը հեղեղած պրոամերիկյան, պրոռուսական, պրոեվրոպական ուժերին, որոնք հայաստանյան իրականությունը տեսնում են պետդեպարտամենտի, Կրեմլի կամ եվրախորհրդարանի պատուհաններից: Սա վտանգավոր, եւ սեփական ուժերի նկատմամբ մեր ժողովրդի հավատը խաթարող գործելակերպ է, ու մեր կարծիքով պետք է արմատախիլ արվի Հայաստանից: Մեր երկրում չպետք է լինեն պրոռուսական քաղաքական ուժեր, որովհետեւ պրոռուսականությունը հակահայկականություն է: Մեր երկրում չպետք է լինեն պրոամերիկան քաղաքական ուժեր, որովհետեւ պրոամերիկյանությունը հակահայկականություն է, մեր երկրում չպետք է լինեն պրոեվրոպական քաղաքական ուժեր, որովհետեւ պրոեվրոպականությունը հակահայկականություն է: Միեւնույն ժամանակ, սակայն, մենք ոչ պակաս վտանգավոր ենք համարում հակառուսականությունը, հակաեվրոպականությունը, հակաամերիկյանությունը, որովհետեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից է բխում աշխարհքաղաքական այդ բեւեռների հետ արժանապատիվ, աշխատանքային, միմյանց շահերի նկատմամբ հարգալից հարաբերությունների հաստատումը եւ մենք ամեն ինչ անելու ենք այդ բեւեռների հետ երկխոսություն ծավալելու համար: Սիրելի ժողովուրդ. Այն ինչ ասվեց ընդդիմության դաշտի մասին, իրականում ասելիքի մի մասն է միայն: Մենք հասկանում ենք, որ ասվածը շփոթեցնող է, զայրացնող երբեմն նույնիսկ հուսահատեցնող: Բայց մենք պետք է հասկանանք խնդրի լրջությունը, հարցի գինը եւ կարողանանք խուսափել նոր ձախողումներից: Մենք պետք է փոխենք Հայաստանում հաստատված ավանդական ընդդիմադիր ընկալումները: Հին ընդդիմադիր աշխարհայացքը քաղաքացուց պահանջում է հավատալ ու վստահել եւ այսպիսով հեշտ է ընկալման համար, մանավանդ երբ ասելիքը զուգորդվում է համախմբվելու, իրար գլխի հավաքվելու, ազգը փրկելու լալահառաչ կոչերով: Մեկ ընդդիմությունը քաղաքացուն կոչ է անում ոչ թե հավատալ եւ վստահել, այլ հասկանալ եւ գնահատել: Հին ընդդիմադիր աշխարհայացքը տուկի թել ու մուրաբա է բաժանում ժողովրդին, կամ օլիգարխ է փնտրում ֆինանսավորում ստանալու համար, Մեկ ընդդիմությունը հանրությունից է ակնկալում իր գործունեության ֆինանսավորումը եւ հանրությունը պետք է գնա այդ քայլին, որպես երկարաժամկետ ռազմավարական ներդրում, որ արդարացվելու է՝ ապագա ունեցող պետության տեսքով: Հին ընդդիմությունը պարծենում է, թե պահելու է ժողովրդի ձայները եւ չի անում դա,  Մեկ ընդդիմությունը 6000 քաղաքացու օգնություն է ակնկալում ժողովրդի կամարտահայտումն ապահովելու համար: Հին ընդդիմությունը խոստանում է իշխանափոխություն եւ չի անում դա, Մեկ ընդդիմությունըքաղաքացուն առաջարկում է կառուցել այդ իշխանափոխությունը, մասնակցել եւ հետեւել դրա կառուցման ընթացքին, տեսնել եւ գնահատել այդ ընթացքը, ազդել դրա վրա: Հին ընդդիմությունը պարծենում է, թե հիմա, էսօր, վաղը քշելու է Սերժ Սարգսյանին եւ չի անում դա, Մեկ ընդդիմությունն ասում է, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու կոնկրետ գործողության կդիմի միայն ժողովրդի կամարտահայտման, ժողովրդից մանդատ ստանալու դեպքում: Հին ընդդիմությունը տեր է եւ փրկիչ ժողովրդի համար, Մեկ ընդդիմությունը գործընկեր է ու սպասավոր: Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Դուք արդեն լսեցիք, այստեղ ընթերցվեց որոշումը, որով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ինձ առաջադրել է վարչապետի թեկնածու եւ լիազորել սկսել ստվերային կառավարության ձեւավորումը: Ստվերային կառավարություն բառից պետք չէ շփոթվել. խոսքն այն մասին է, որ մենք հանրությանը պետք է ներկայացնենք անձանց, որոնք կստանձնեն նախարարական աշխատանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում: Մեխանիզմը հետեւյալն է. որպես վարչապետի թեկնածու պետք է բանակցեմ կոնկրետ անձանց հետ, նրանց առաջարկելով ընդգրկվել ստվերային կառավարության կազմում եւ այդ անձանց մի մասը կարող է եւ չլինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Հիմա հարց կարող է ծագել. ինչու՞ ենք մենք դիմում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող նման փորձի: Պատասխանը նույնն է. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ ժողովրդական կամարտահայտում ապահովելու համար: Ապագա իշխանության մասին առավելագույն կոնկրետ պատկերացում ունենալ-չունենալը վճռական գործոն է գործող իշխանությանը հեռացնելու համար: Ժողովուրդը պետք է ունենա ներքին վստահություն, որ հնարավորություն ունի իշխանության բերել մարդկանց, ովքեր կկարողանան երկիրը կառավարել անցնցում եւ առնվազն շատ ավելի հաջող քան այսօրվա իշխանավորները: Նոր իշխանության մասին ամբողջական պատկերացումների բացակայությունը այն վճռական գործոններից է, որ իշխանափոխության՝ թվում է լայնորեն պահանջված գործընթացը ձախողել է մի քանի անգամ: Ստվերային կառավարության բարեհաջող ձեւավորումը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու չորս առանցքային գործոններից մեկն է, եւ այսօրվանից այս գործընթացը կարող ենք համարել մեկնարկած: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի ձեւավորել վստահելի կառավարություն, որը կունենա Հայաստանը ստեղծված վիճակից հանելու իրականանալի եւ ժողովրդին հասկանալի ճանապարհային քարտեզ, չնայած հասկանում եմ, որ դա հեշտ լուծվող խնդիրներից չէ: Մեր նպատակը այնուամենայնիվ հետեւյալն է. ստվերային կառավարության կազմում ընդգրկել կարող ուժերի ոչ միայն Հայաստանից այլեւ Սփյուռքից: Սա հատուկ նշանակություն ունեցող սկզբունք է, որովհետեւ ինչպես գիտեք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանցքային անելիքը Մեծ հայրենադարձության հարուցումն է, որի արդյունքում առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կհասնի 4-5 միլիոնի, իսկ նման բան տեղի կունենա միայն Հայաստանում խորքային տնտեսական, քաղաքական, իրավական փոփոխություններ իրականացնելուց հետո, սա էլ նշանակում է մանրամասն մշակված եւ քննարկված ծրագրի առկայություն: Հարկ եմ համարում այսօր արդեն արձանագրել մի քանի կետ, որ սկզբունքային են ապագայի մասին մեր պատկերացումների համար. մենք Հայաստանը տեսնում ենք որպես բարձր տեխնոլոգիական ինդուստրիալ երկիր, որի տնտեսության հենասյուներից մեկը ռազմարդյունաբերական համալիրն է, որը երկրի անվտանգության կարիքների ապահովման ավելի ու ավելի մեծ չափաքանակ է վերցնում իր վրա: Հիմա ակնհայտ է, որ մոտակա ապագայում Հայաստանը պետք է ի վիճակի լինի արտադրել հարվածային եւ հետախուզական անօդաչու սարքեր եւ վերգետնյա հրաձգային հեռակառավարվող եւ ինքնակառավարվող սարքեր, որոնք ամենավտանգավոր հատվածներում կկարողանան կրակային գործառույթներ իրականացնել եւ խնայել մեր զինվորների կյանքերը. սա մեր երկրի անվտանգության մարտահրավերներից բխող անհրաժեշտություն է: Մեզ համար հաջորդ կարեւորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որ ինչպես հայտնի է՝ հատել է հինգ միլիարդ դոլարի սահմանագիծը, եւ 2020 թվականին արտաքին պետական պարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է ծախսի 1 միլիադ դոլար: Այսինքն՝ 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն, ըստ այդմ, համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ եւ փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքը արդյունավետ օգտագործվել: Ընդ որում՝ այս աուդիտի արդյունքում պարզաբանման ենթակա կարեւորագույն հարցերից մեկը հետեւյալն է. ինչքանով են մսխվել միջազգային կազմակերպություններից վերցված վարկերը, եւ որքանո՞վ են վարկատու կազմակերպությունները վարկը տալու կամ դրանք ծախսելու ընթացքում տեղյակ եղել կոռուպցիոն ռիսկերի մասին, որքանո՞վ են ներգրավված եղել կոռուպցիոն համակարգի մեջ: Եթե վերջին հանգամանքն ապացուցող փաստեր ի հայտ գան, շատ հստակորեն Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի եւ բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջության վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը: Բայց սա ամենը չէ. մենք պետք է ամեն ինչ անենք օֆշորային գոտիներում կուտակված հայաստանյան ծագմամբ ապօրինի փողերը հայտնաբերելու եւ դրանք Հայաստան վերադարձնելու համար: Հաջորդ կարեւոր դրույթը, որ ցանկանում եմ ընդգծել. մենք հայտարարում ենք, որ իշխանական լծակների տիրապետելու դեպքում տարեկան մինչեւ 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր ընկերություններին (նկատի ունեմ՝ գործող եւ նոր հիմնարվող) երեք տարով ազատելու ենք բոլոր տեսակի հարկերից եւ լրջորեն քննարկելու ենք գոտիական հարկային քաղաքականություն որդեգրելու հարցը: Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող Ղարաբաղի հարցին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր դիրքորոշումը արտահայտել է դեռեւս ս/թ մայիսի 30-ին ընդունած հայտարարության մեջ: Այդ հայտարարության ամբողջական տեքստը կարող եք հեշտությամբ գտնել համացանցում, իսկ այս պահին ընդգծեմ հետեւյալը: Մենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չենք բանակցի՝ եթե գործընթացից բացակա է Արցախի հանրապետության ներկայացուցիչը: Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որեւէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում: Մեզ հաճախ մատուցում են, թե Հայաստանը նույնիսկ առանց Ղարաբաղի մասնակցության պետք է բանակցի Ադրբեջանի հետ, որովհետեւ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Իրականում, սակայն, պատերազմները սկսվում են ոչ թե բանակցային գործընթացի բացակայության, այլ ռազմական հավասարակշռության խախտման հետեւանքով: Խաղաղության երաշխավորը ոչ թե բանակցություններն են, այլ ուժեղ հասարակությունը, որ կանգնած է մարտունակության ժամանակակից պահանջներին բավարարող բանակի թիկունքին: Բանակցությունները խաղաղության երաշխիք համարողները պարզապես ուշադրություն են շեղում այն փաստից, որ իրենք ձախողել եւ շարունակում են ձախողել խաղաղության ներքին, ներհայաստանյան երաշխիքների ձեւավորման գործընթացը: Եւ այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Երեւանն ու Սեւանա լիճը իրենը լինելու մասին, պաշտոնական Երեւանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են քան կապիտուլյացիոն ձեւակերպումներ: Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել: Ու եթե ապրելու, մեր պատմական ճակատագրի կրկնվող ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել. Աղդամը մեր հայրենիքն է: Իսկ եթե չունենք այդ կամքը Երեւանի ադրբեջանական լինելու մասին Բաքվի հայտարարություններին պիտի պատասխանենք փոխզիջման պատրաստակամության մասին թուլամորթ ձեւակերպումներով, ինչպես վարվում են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը եւ նրանց սատարող ձեզ հայտնի ուժեր: Շարունակությունը դիտեք  տեսանյութով