Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լսարան, որը կպատմի քառօրյա պատերազմի մասին (տեսանյութ)

Հասարակություն
narine-1

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տնտեսագիտական համալսարանում բացվեց ապրիլյան պատերազմում զորհված հերոսների անվան լսարան: Այն ստեղծվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ իրենց բուհից ապրիլյան պատերազմի ժամանակ զոհեր չեն եղել, եղել են վիրավորներ. «Նրանք հիմա ապաքինվել են: Այս լսարանի բացումից առաջ մենք հուշակոթող ենք տեղադրել Նոր Նորքի՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում: ՀՊՄՀ-բանակ հարաբերությունները շատ սերտ են, եւ այս լսարանի բացումը պատահականություն չէ՝ մեր ուսանողները ինձ հետ միասին հաճախակի ենք լինում զորամասերում, հաճախ այնտեղ գիշերում, օրեր անցկացնում, ինչպես նաեւ՝ փորձում նյութական օգնություն ցուցաբերել: Քառօրյա պատերազմի ժամանակ մեր բուհի ֆինանսական միջոցներից հատուկ հաշվին 10 մլն դրամ ենք փոխանցել»: narine1 Հանդիսավոր միջոցառման ավարտից հետո Սեյրան Օհանյանը հանդիպեց բուհի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, պատասխանեց ներկաների հարցերին եւ հանդես եկավ ելույթով: Իր խոսքում պարոն Օհանյանը մասնավորապես խոսեց ապրիլյան պատերազմի հետեւանքների, պատճառների մասին. «ԼՂՀ-ն, ՊԲ-ն գտնվելով հակառակորդի ագրեսիայի հենց կենտրոնում, կարողացավ իր հրամանատարական կազմով, իր ենթականերով ու զինծառայողներով իր առջեւ դրված խնդիրը կատարել՝ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները, դեռ ավելին՝ այնպիսի հերոսություններ ցուցաբերել, որոնք վառ օրինակ են հանդիսանում մեր ողջ ժողովրդի համար: Չափազանց դժվար ժամանակներ ենք այսօր ապրում, ու այդ ժամանակ անհրաժեշտ են մարդիկ, որոնք նվիրված են ու նրանց անձնվիրության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ունենալ հաջողություններ»: Պաշտպանության նախարարը նշեց, որ բուհերում նման հանդիպումները պաշտոնական քաղաքականության մաս են կազմում եւ նմանատիպ միջոցառումներից հետեւությունը մեկը պետք է լինի. «Յուրաքանչյուր երիտասարդ իր գործունեության շրջանակներում, իր կյանքի ամեն մի ժամանակահատվածում չափազանց պատասխանատու պետք է մոտենա իր առջեւ դրված խնդիրներին՝ հատկապես ուսմանը, այն գործընթացին, որ բուհում է տեղի ունենում ու գտնում է, որ այստեղ ձեռք բերված գիտելիքները վաղը յուրաքանչյուր անհատի համար չափազանց մեծ անհրաժեշտություն են լինելու: Հասկանալի է, որ միայն գիտելիքներով մարդ չի կարող իր կենսագրությունը կերտել, այս ամենը պետք է ամրագրվի գործնական աշխատանքով. եթե բոււհն ավարտելուց հետո մեր երիտասարդները կարողանան իրենց աշխատանքային վայրերում այս ամենը ամրագրեն նաեւ գործնական աշխատանքով, նրանք ձեռք կբերեն իրենց կյանքի համար այն մեծ արժանապատվությունը, որը նրանց մասնագիտական աստիճաններով տանում է դեպի առաջ, ավելի բարձր պաշտոններ»: Ելույթի վերջում նա խրախուսական մեդալներ ու հուշանվերներ հանձնեց ՀՊՏՀ-ի մի շարք դասախոսների և ուսանողների: