ՕԵԿ պատգամավորի նախագիծը հետաձգվեց (տեսանյութ)
ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկա էր ընդամենը չորս պատգամավոր, սակայն հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ քվորում կա, եւ նիստը կայացավ: Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց հեղինակի՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խնդրանքով: Ի դեպ, նա ներկա չէր նիստին: Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը կարճ ներկայացրեց Քաղաքացիական եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նկատեց, որ բոլորի ականջի համար անսովոր է Գյումրին համայնք կոչել. «Ոչ ոք չի ասելու Գյումրին համայնք, քանի որ այն քաղաք է. մեր ականջն այդպես է սովորել: Պետք է ուղղակի ընդունենք, որ դա ընդամենը կառավարման համակարգ է, այլ ոչ թե բնակավայրի անվանում»: Վաչե Տերտերյանը եւս հաստատեց, որ դա ընդամենը օրենսդրական ձեւակերպում է: Նախագծերը դրական եզրակացությամբ մտան ԱԺ օրակարգ: