Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԱՇՏԸ

Մարզեր

«Հայհիդրոմետ»-ի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից ստացված տվյալների համաձայն վերջին տեղումները Գեղարքունիքի մարզում գրացվել են շուրջ 40 օր առաջ, իսկ աննշան տեղումներ անձրեւի տեսքով թափվել են հունիսի 19-ին:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի գնահատմամբ տեւական երաշտը մարզի դաշտավարությանը պատճառել է 47 մլրդ դրամի վնաս: Գարնանացան հացաբույսերը այժմ հնձվում են որպես անասնակեր, քանի որ դրանք այլեւս չեն հասկակալի, իսկ մասնագետների գնահատմամբ աշնանացան ցորենի եւ կարտոֆիլի ցանքերը լուրջ վտանգի տակ են: Եվ պատահական չէ, որ ժամկետից 1 ամիս առաջ` հունիսի 10-ից սկսվել է մշակովի խոտաբույսերի, մասնավորապես առվույտի (կորնգան) հունձը: Ցածր բերք է ստացվում նաեւ ցանովի եւ բնական խոտհարքերից:

Ըստ Վանիկ Հովհաննիսյանի, եթե վերջին 7 տարիների ընթացքում մարզում տարեկան կուտակվում էր 350-390 հազար տոննա խոտ, ապա այս տարի հնարավոր կլինի կուտակել դրա 30 տոկոսը: Նախորդ տարիներին մարզի տնտեսությունները կուտակում էին մինչեւ 24 000 տ ծղոտ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կհասցվի 1000 տոննայի:

Գյուղատնտեսներն իրենց փորձից ելնելով նշում են, որ եթե նույնիսկ այժմ անձրեւներ տեղան, ապա ոչնչով օգուտ չեն բերի անդառնալի կորած խոտհարքերին:

Եղանակի չորությունը նպաստում է նաեւ խոշոր եղջերավոր անասունների մոտ դաբաղի բռնկմանը: Այս երեւույթը կանխարգելելու նպատակով ՀՀ գյուղնախարար Դավիթ Լոքյանը հրահանգ է տվել արագացնել անասունների պատվաստումները:

Գավառի «Քյավառ» Հ/Ը