ԵՐԱՇՏ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզի Աղիտու համայնքի 672 հեկտար վարելահողերից այս տարի 150 հեկտարը աշնանացան ցորենի ցանքատարածություններն են, 210 հեկտարը զբաղեցնում են գարնանացան գարին եւ հաճարը: Համայնքապետ Հրաչիկ Հայրապետյանի խոսքով գյուղացիները հիմնականում իրենց բաժին վարելահողերը ցանել են գյուղատնտեսական վարկերի հաշվին: Այսօր, սակայն, Սիսիանի տարածաշրջանում սկսված երաշտի պատճառով բերքի ակնկալիք չունեն, քանի որ արդեն երկրորդ ամիսն է ինչ ոչ մի կաթիլ անգամ անձրեւ չի գալիս:
Սիսիանի օդերեւութաբանական կայանի տվյալներով մայիս ամսին գրանցվել են 23 մմ տեղումներ` նորմայից 39 մմ-ով պակաս, ընդ որում երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում տեղումների քանակը կազմել է ընդամենը 1 մմ: Օդի ջերմաստիճանը նորման գերազանցել է 2 աստիճանով: Հունիս ամսին տեղումներ ընդհանրապես չեն գրանցվել:
Առաջին տասնօրյակի հաշվարկով օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 5 աստիճանով: Խոնավության բացակայության եւ բարձր ջերմաստիճանի պատճառով հացահատիկային մշակաբույսերը համապատասխան բարձրության չեն հասել եւ հասկակալման շրջանը չավարտած` սկսել են դեղնել: Շատ դաշտեր հասկի կարճության պատճառով ընդհանրապես հնարավոր չի լինի հնձել:
Շարունակվող չորային եղանակը աղետալի վիճակ է ստեղծել ողջ տարածաշրջանի հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների եւ խոտհարքների համար: Սիսիանի համայնքների միության ժողովում նման եզրակացություն ներկայացրեց համապատասխան մասնագետներից կազմված հանձնաժողովը` երեք օր տեւած շրջայցի արդյունքներն ամփոփելով:
Տարածաշրջանի համայնքապետերը մտահոգ են նաեւ անասնագլխաքանակի պահպանության հարցում: Շարունակվող երաշտը կարող է կերի կուտակման խնդիր առաջացնել: Խոնավությունից զուրկ արոտավայրերն արդեն բացասաբար են ազդում կաթնարտադրության ցուցանիշի վրա: Մեղվաբուծությունը եւս սիսիանցի գյուղատնտեսներին այս տարի առատություն չի խոստանում:
Սիսիանի «Սյունի» ՀԸ