Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարոն Մարգարյան, պարտավո՛ր եք լսել. Անահիտ Բախշյան

Հասարակություն
Anahit-Bakhshyan

Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նամակը. Արդեն մի քանի ամիս է, որ Երևանի Դավթաշեն համայնքի  Տիգրան Պետրոսյան փողոցի  35/2 շենքերի դիմացի կանաչ, գեղեցիկ, խնամված  գազոնի վրա  24.05.2016թ. քաղաքապետարանի կողմից առևտրի օբյեկտ  կառուցելու թույլտվություն է ստացել տիկին Ժենյա  Հարությունյանը, ով  աջ ու ձախ հայտարարում է, որ այս կերպ  քաղաքապետարանը  հատուցում է իր զոհված ամուսնու և տղայի  կյանքի դիմաց և չի  մոռանում շեշտել, որ  մի փեշ փող է թափել այդ թույտվությունը ստանալու համար: Ապշել կարելի է, թե ինչպես է  քաղաքապետարանը տվել այդ թույլտվությունը՝ հակասելով  շատ օրենքների ու Երևանի ավագանու  կայացրած 18.11.2009թ. հ.36-Ն՝ «Երևանի կանաչ տարածքների պահպանման կարգի մասին»  որոշմանը: Տարօրինակ է, թե ինչ հիմնավորմամբ է տրվել այդ թույլտվությունը, երբ այդ գազոնը հասարարակության սեփականությունն է: Թույլտվությունը ստացել է  սույն թվականի մայիսին, որը տրվել է առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու, ովքեր  կտրականապես դեմ են  այդ օբյեկտի  կառուցմանը: 2014թ. ապրիլի 30-ի  ավագանու որոշումը կա  այն մասին, որ ցանկացած նման դեպքերում անհրաժեշտ է ունենալ քաղաքացիների համաձայնությունը, իսկ իրենք դրա մասին իրազեկվում են թուլտվությունը տալուց հետո: Վարչական շրջանի ղեկավար պարոն Բաղդասարյանն անձամբ ինձ ասել է, որ քանի դեռ կա նույնիսկ մեկ բողոքող բնակիչ, ինքը այդ շինարարությունը թույլ չի տալու: Սակայն իրենց հովանավորյալ պատգամավոր  Արթուր Գևորգյանը, կարծես այլ կարծիքի է և  ամեն գնով ուզում է ցույց տալ իր «ուժը»: Պարոն Մարգարյան, հենց երեկ Ազատամարտիկների 67  հասցեում գտնվող 6 շենքերի ջուր մատակարարող՝  2013-ին քաղաքապետարանի որոշմամբ 5,9 ք.մ.  սեփականաշնորհված պոմպակայանի տարածքի որոշումը Ձեր ներկայացուցիչը բնակիչների բողոքի ժամանակ չեղյալ հայտարարեց, մարդիկ խոր շունչ քաշեցին, ուրախացան, որ իրենց ձայնը վերջապես լսվեց:   Ի՞նչն է խանգարում, որ նման մի որոշում  էլ  այս դեպքում կայացնեիք ու  այս ժողովուրդն էլ այլևս հանգստանար:   Սերժ Սարգսյանը հուլիսյան դեպքերից դասեր քաղելու մասին խոստումներ է տալիս, ընդ որում  դասերը քաղելու մասին խոստումն իշխանությանն էր  ուղղված, այսինքն նաև՝ Ձեզ: Պետք չեն  բանավոր խոստումներ, պետք է լսել ժողովրդին ու արդարացի որոշում կայացնել՝ այս դեպքում չեղյալ հայտարարելով  քաղաքապետարանի տված  թուլտվությունը:   Մի՛ հրահրեք  ժողովրդին, մի՛  արհամարհե՛ք  նրան, գործեք օրենքով ու ծառայեք ժողովրդին, միայն այդ պարագայում չեն կրկնվի  հուլիսյան մղձավանջային օրերը:   Անահիտ Բախշյան 09.08.2016