Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ձյուդոյիստի առաջին մրցակիցը ցածր վարկանիշ ունի

Սպորտ
davtyan

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը կխաղարկվեն 12 մեդալների հավաքածու: Հայաստանի 33 պատվիրակներից առաջինը մեդալի համար պայքարը կսկսի մեր միակ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը: Նա ելույթ կունենա 60 կգ քաշային կարգում: Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչ փուլից: Առաջին մրցակիցն ավստրիացի Լյուդվիգ Պայշներն է, որը 27-րդն է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում (մեր մարզիկը՝ 20-րդն է): Ավստրիական արգելքը հաղթահարելու դեպքում Հովհաննես Դավթյանը հաջորդ փուլում կմրցի Բեսլան Մուդրանով – Յերոեն Մոորեն ռուս-հոլանդական զույգի հաղթողի հետ: Նրանք վարկանիշային աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 18-րդ եւ 22-րդ տեղերը: Ի դեպ, Հովհաննես Դավթյանը վիճակահանությամբ ընդգրկվել է Ա փնջում, որտեղ հանդես է գալիս այս քաշային կարգի առաջատարը՝ հարավկորեացի Կիմ Վոն Յինը: Մեր մարզիկը վերջինիս հետ կարող է հանդիպել միայն քառորդ եզրափակիչում: Այսօր մեկնարկի դուրս կգան նաեւ Հայաստանի եւս երեք պատվիրակ: Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը 49 կգ քաշային կարգում կփորձի հաղթահարել նախնական առաջին փուլը: Նրա անդրանիկ մրցակիցն է 20-ամյա իսպանացի Սամուել Կարմոնա Էրեդիան: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կհանդիպի իռլանդացի Պատրիկ Բառնսի հետ: Մեր երկու մարմնամարզիկներն այսօր կպայքարեն եզրափակիչ փուլի 8 ուղեգրերի համար: Հարություն Մերդինյանը ուժերը կփորձի նժույգթափի վրա, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկում: