Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքապետարանը մեզ դուրս է մղում օրինական դաշտից» (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-krpak-2222

«Քաղաքապետարանը մեզ դուրս է մղում օրինական դաշտից, որովհետև տարածքն ինչ-որ մեկին պետք է» Վերնիսաժի տարածքի մեջ չմտնող, սակայն դրան հարակից հանրային սննդի երկու փոքրիկ օբյեկտների սեփականատերերին քաղաքապետարանն  այսօր մի քանի ժամ ժամանակ էր տվել՝ տարածքն ազատելու համար։  «Ժողովրդի համար էժան ուտելիք չկա այսօր, մենք միջին խավի համար մատչելի գներով ուտելիք ենք ապահովում։ Մենք մեր բիզնեսն ենք  անում՝ համապատասխանեցնելով ժողովրդի սոցիալական վիճակի հետ, այնինչ մեր հակառակ կողմը  մեզ հաթաթա տալով ասում է՝ ապամոնտաժեք»,- «Ա1+»-ի հետ զրույցում  նշեց  այդ երկու օբյեկտներից մեկի  «Բաբկեն և Տաթևիկ» ՍՊԸ տնօրեն Արմեն  Հարությունյանը։ Տարածքի վարձակալության հիմունքներով «Պանկարմ» և  «Բաբկեն և Տաթևիկ» ՍՊԸ-ները՝ 18 տարի շարունակ այստեղ փոքր բիզնեսով են զբաղվում։ Մինչ 2011թ-ը սեփականատերերն ունեցել են հողօգտագործման պայմանագիր։ 2011թ-ից արդեն քաղաքապետարանը տարբեր պատճառներով ձգձգելով նոր պայմանագրի կնքումը՝  հանրային սննդի այս կետերը ճանաչել է որպես ապօրինի շինություն։ «Այստեղից արդեն հետևություն կարելի է անել, որ քաղաքապետարանը միտումնավոր մեզ դուրս է մղում օրինական դաշտից, որովհետև ինչ-որ մեկին պետք է այս տեղը, ընդ որում այս  ընթացքում մենք մուծում ենք բոլոր հարկերը»,-մեզ հետ զրույցում նշեց մյուս օբյեկտի  «Պանկարմ» ՍՊԸ տնօրեն Կարեն Հակոբյանը։ Քաղաքապետարանի  պատճառաբանությամբ՝ Վերնիսաժը արդիականացվում է և այս կրպակները այլևս չեն համապատասխանում իրենց  չափորոշիչներին։ Սեփականատերերը բազմաթիվ  նամակներով դիմել են Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Տարոն Մարգարյանին, Հանրային խորհրդի անդամներին, սակայն ոչ մի արձագանք։  Այս համատեքստում Կարեն Հակոբյանը տեղեկացրեց նաև. «Քաղաքապետին ուղղված  նամակում մենք առաջարկել ենք , որ եթե դուք ունեք բարեկարգման ծրագիր, ապա մենք համաձայն ենք ձեր բարեկարգման ֆոնդին ներդնել մոտ 5 միլիոն դրամ, ինչպես նաև  տարածքը մեր միջոցներով արդիականացնել՝ ըստ իրենց ունեցած նախագծի, սակայն այս առաջարկին էլ ոչ մի պատասխան չկա»։ Կրպակներն  ապամոնոտաժելու վերաբերյալ քաղաքապետարանից  նամակ են ստացել հուլիսի 19-ին, սակայն այն ժամանակ, երբ դեռ չկար հաստատված նախագիծ, երբ դեռ նախագիծը քննարկման փուլում էր։  Դրան զուգահեռ  հողի վերահսկողության բաժնից ստացել են ապամոնտաժելու վերաբերյալ ծանուցագիր։ «Այդ ծանուցագիրը ստանալուց  հետո  խնդրեցի իմ փաստաբանին, որպեսզի դրա հիման վրա հայց  ներկայացնի դատարան, բայց դատարանը մերժում է մեր հայցը՝ ասելով, որ ծանուցագիրը  դեռ հիմք չի, որպեսզի վարույթ ընդունեն, այսինքն պետք է քաղաքապետի որոշում լինի»,-շեշտեց Կարեն Հակոբյանը։ Քաղաքապետի որոշումը ձեռք բերելուց հետո  հուլիսի 28-ին քաղաքապետարանն ուղարկել է  2-րդ ծանուցագիը՝ երեք օր անց ապամոնտաժում իրականացնելու  զգուշացումով՝ այդպես էլ հնարավորություն չթողնելով դատական կարգով որոշումը բողոքարկելու։ Իսկ  քաղաքապետարանի աշխատակիցներն օրվա վերջում եկան և սկսեցին կրպակները քանդել։