Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետական մակարդակով խախտվել է «Սասնա ծռեր»-ի անմեղության կանխավարկածը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
asulis

«Պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները եւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի կողմից հնչեցրած խոսքերը խախտել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամների անմեղության կանխավարկածը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասած ապստամբներից Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի եւ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Հուլիսի 17-ից սկսած՝ պաշտոնական մակարդակով բոլոր տիպի հայտարարությունները, որոնցում տղաներին անվանում են ահաբեկիչներ եւ փոխոստիկանապետի հայտարարությունը, թե մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում, արդեն իսկ դատավճիռ էր: Դա նշանակում է, որ պատկան մարմինները, չարաշահելով իրենց լիազորությունները, բացահայտորեն խախտեցին տղաների անմեղության կանխավարկածը: Սա հիմք է, որ առնվազն Հունան Պողոսյանի նկատմամբ գոնե ծառայողական քննություն սկսվեր»,-ասաց փաստաբանը: Ինչ վերաբերում է բժիշկներին ՊՊԾ գնդում պահելուն, ապա, պաշտպանի խոսքով, դեռեւս ապացուցված չէ, որ նրանք պատանդ են եղել: «Ենթարդրութունները, որ նրանք պատանդ էին, ցանկացած ոք կարող է ունենալ, բայց քրեական իրավունքը ենթադրությունների վրա հիմա վրա չի հիմնվում, դա դեռ պետք է քննվի»,-ասաց Պապիկյանը: Փաստաբանի խոսքով՝ իր երկու պաշտպանյալները՝ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը, սկզբում չափից դուրս վատ հիվանդանոցային պայմաններ են ունեցել, սակայն շաբաթ օրը նրանց համար փոքր-ինչ բարվոք պայմաններ են ստեղծվել. «Ինչ վերաբերում է Արայիկ Խանդոյանին, ապա նա երեկ հրաժարվել է բժշկական օգնությունից՝ նշելով, թե թուրքը 15 անգամ խփել է, իրեն ոչինչ չի եղել, այս անգամ էլ բան չի լինի»,-պատմեց Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ Միայնակ գայլը խնդրել է փոխանցել, որ ինքը շատ է սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին: Հանդիպմանը ներկա՝  Պավել Մանուկյանի և որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ իր պաշտպանին պետք է անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչպես նաեւ Պավել Մանուկյանին, ով երեկ է տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց. «Նրանք վիրահատությունների կարիք ունեն: Այդ հարցով ես միջնորդություն եմ ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին եւ դեռ սպասում եմ պատասխանի»,-ասաց նա: Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ Արամ եւ Պավել Մանուկյանների հիվանդանոցային անմարդկային պայմանների վերաբերյալ հրատապ դիմում են ուղարկել ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որից հետո պայմանները փոքր-ինչ բարելավվել են. «Նրանց հատկացվեցին առանձին սենյակկներ, բերվեցին հիվանդանոցային մահճակալներ»: Փաստաբանները նշեցին, որ առաջիկայում իրենք կբողոքարկեն իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, թեեւ բնավ հույսեր չունեն, թե որեւէ բան կփոխվի: Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ դատարանի՝ կալանքի որոշման վերաբերյալ ձեւակերպումը, թե ապստամբները, մնալով ազատության մեջ, կարող են փախչել կամ խանգարել գործի քննությանը, անտրամաբանական է. «Պավել Մանուկյանին դատարան են տարել պատգարակով, իսկ նիստին մասնակցում էին նաեւ բժիշկներ, որպեսզի նրան օգնություն ցույց տան անհրաժեշտության դեպքում»: