ՊՊԾ գրոհած բեռնատարի տիրոջը կալանավորել են
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու համար այսօր կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը։ Ըստ մեղադրանքի, Խաչատուր Գիչյանը իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ «Հիմնավորումները շատ թույլ էին: Մեքենան ուրիշի անունով է հաշվառված եղել, բայց Խաչատուր Գիչյանն է այն տնօրինել եւ իր տան բակում է կանգնած եղել»,- այս մասին «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը: Պաշտպանը, սակայն, հույս ունի, որ շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու եւ տեղափոխելու հոդվածներով կալանավորված Խաչատուր Գիչյանն ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով մտել էր ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ եւ պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: