«Ստադիոնից»՝ ծաղկի սրահ. հայ ծաղկարտադրողները կարող են ապահովել շուկայի պահանջը
Թվում է, թե ծաղկավաճառները մեծ գումարներ են աշխատում հատկապես տոն օրերին, երբ փողոցում ամեն երրորդ անցորդի ձեռքին ծաղկեփունջ կա: Այս կարծիքի հետ համաձայն չէ Հարավ-արևմտյան թաղամասի ծաղկի կրպակներից մեկի սեփականատերը՝ Աշոտը: Ասում է, որ վերջին զանգի օրը առևտուրը սովորականից պասիվ է եղել. «Դպրոցի դասատուները հավաքում են ծնողներին ու «Ստադիոնից» (Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող ծաղկի մեծածախ առևտրի շուկա-խմբ.) ծաղիկ առնել տալիս, մեր՝սովորականից շատ բերած ծաղիկներն էլ, մնում փչանում են»: Իրավիճակից դուրս գալու միակ ելքը պատկերացնում է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի նախամուտքի դիմաց վաճառվող ծաղիկների սակագների իջեցմամբ՝ մեծածախ գնումների դեպքում:
Այս առաջարկը ծաղկի շուկայում ծիծաղ առաջացրեց. «Էլ ո՞ւր: Բա ի՞նչ պիտի անեն մարդիկ, 30 հատ գերբերան էստեղից առնում են 1000 դրամով, խանութից առնում ՝ 5000 դրամով»:
Անցած ամիս կրպակում հոլանդական վարդ չի եղել՝պահանջարկ չկա: Շատ են մտածել կրպակը փակելու ու նոր բիզնես սկսելու մասին, բայց արդեն սովորել է այս գործին ու հրաժարվել չի ստացվում:
Ծաղկավաճառ Գոհարն էլ նկատել է, որ դաշտի խնդիրը արդեն երեք տարի է, ինչ գնալով խորանում է և դա կապում է օր-օրի աճող մրցակցության ու ծաղկի նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխության հետ:
«Առևտուրը մի տեսակ մեռել ա: Հույսներս մշտական հաճախորդների վրա ենք դնում, նրանք էլ շատ քիչ թիվ են կազմում: Համեմատաբար թանկ ծաղկեփնջեր գնում են տղաները»:
Առանձին դեպքերում, կրպակատերերը դիմում են զեղչերի, որպեսզի ծաղիկները չմնան ու փչանան՝օրինակ, 20.000 դրամանոց պսակի դեպքում մինչև 2.000 դրամ զեղչ է գործում:
Այն, որ վերջին տարիներին շահույթի առումով, կրճատումներ են տեղի ունեցել՝ փաստում է նաև «Բրաբրոն»-ի գեղ. տնօրեն Լիլյա Խչվանքյանը. «Չի կարելի ասել, որ ընդհանուր առմամբ վիճակը ծայրահեղ է: Մենք ունենք հաճախորդների բանակ, որ միշտ վերադառնում է»:
Տոն օրերին «Բրաբիոն»-ում թանկացումներ ևս նկատել են՝ կապված մատակարարների ապրանքի թանկացման հետ: Ինչպես ՀԱԹ-ի կրպակի, այնպես էլ «Բրաբիոն»-ի համար ամռանը մատակարար են դառնում «Ստադիոնի» ջերմոցատերերը: Ձմռանն արդեն հոլանդական վարդի պահանջարկն ապահովում են Հոլանդիայից ներկրված վարդերով:
Առավոտյան 6- 9-ը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի նախամուտքի դիմաց ծաղկի մեծ շուկա է փռվում: Աբովյանից, Արարատից, Արտաշատից, Էջմիածնից, Մասիսից ջերմատերերը շտապում են իրենց աճեցված ծաղիկները վաճառելու «դալալներին»՝ վերավաճառողներին:
30 տարի ծաղկավաճառությամբ զբաղվող Վահանը հիշում է ԽՍՀՄ տարիները, երբ մեծ եկամուտներ էր ստանում. «7 տարի առաջ էլ վատ չէր՝գազը սրա կես գինն էր: Գերբերան, որի 30 հատն հիմա 1000 դրամ է, վաճառում էինք 6.000 դրամով »:
Ծաղկավաճառների խոսքով, գործով սակագներն օրվա հացի գումար են ապահովում. «Էսօրվա օրով ծաղիկները մնում փչանում են, Լարսն էլ որ փակվումա, արտահանելու հնարավորություն էլ չկա»:
Ծաղկավաճառ Կարապետն էլ պատմեց, որ 800 ք/մ տարածքում աճեցված ալոեի տերևների պահանջարկ բացարձակ չկա: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով ընկերություններից մեկի հետ՝ իրացումն ապահովելու նպատակով, Կարապետը չէր էլ կարծում, որ այսօր աճեցված բույսը հետաքրքրության չի արժանանալու:
«Բի էս Բի» Բիզնեսի Աջակցության կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանի կարծիքով այդքան էլ տարօրինակ չէ, որ ջերմոցատերերն ու կրպակատերերը դժգոհ են եկամուտից, իսկ «Բրաբիոն»-ում ոչ այդքան, քանի որ վերջին դեպքում գործում են հստակ բիզնես պլանով՝ հաշվարկելով հնարավոր վտանգներն ու ռիսկերը:
«Փոքր և միջին ջերմոցները բիզնես տեսանկյունից շահավետ չեն, բայց կարող են դառնալ շահավետ, եթե բիզնես ռազմավարություն մշակեն՝ հստակեցնելով ինքնարժեքը, աշխատանքի ոճը՝ մատակարարների և գնորդների հետ»:
Գևորգյանը ծաղկի շուկան համարում է անկայուն՝սուբյեկտիվ պատճառ համարելով այն, որ ջերմոցատերը կարող է լինել թե մանրածախ վաճառող և թե մեծածախ արտահանող. «Մի մարդ, ով երեք գործ է անում, դատապարտված է ձախողման եռակի»:
Մասնագետը ծաղկի շուկայի շղթայում տուժող համարում է ֆերմերներին՝առանց որոնց դաշտ առհասարակ գոյություն ունենալ չէր կարող:
ԽՍՀՄ տարիներին հայկական ջերմատնային համակարգը բավականին զարգացած էր, բայց 1980-ական թթ. որոշում կայացվեց ջերմոցները «ջարդել» ու դրանց փոխարեն բանջարաբոստանային կուլտուրաներ հիմնել: Չնայած սրան, հայկական ծաղկի որակի մասին կարծիքը դեռևս բարձր է ԱՊՀ տարածքում. ադրբեջանցի շատ ջերմոցատերեր իրենց ապրանքը ներկայացնում են հայկականի տակ՝ մեծածախ վաճառք իրականացնելու համար:
Եթե տնտեսության երկարաժամկետ զարգացման վրա շեշտ դրվի ՝ հիմնվելով տեխնոլոգիական, և ոչ քանակական զարգացման վրա, ապա բիզնես մասնագետը վստահ է՝դաշտը կառողջանա:
2015-ին Հայաստան ներկրվել է 16,4 տոննա հատած ծաղիկ և կոկոն, 1,4 տոննա ավելի պակաս, քան 2014-ին: Սա խոսում է նրա մասին, որ մեր ծաղկարտադրողները գրեթե ապահովում են ներքին շուկայի պահանջը:
