«Հնարավոր է՝ հակառակորդն ավելի շատ զոհ ունի, քան ներկայացնում է»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է մամուլում շրջանառվող լուրերը, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երեկ իրենք կորուստ են ունեցել. «Հուլիսի 14-ի երեկոյան Աղդամի ուղղությամբ զոհվել է ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Թորգուլ Սայադ Մամեդովը»: ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 14-ին, ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արեւելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ, որը կանխվել է: Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում քիչ հավանական համարեց այն, որ սա կարող է ռազմական նոր գործողությունների սկիզբ լինել. «Ես սա կանվանեի միջադեպ, ոչ թե լարվածության սրացում, որովհետեւ պարբերաբար նման միջադեպեր լինում են, բայց, իհարկե, չի կարելի բացառել նաեւ հետագա գործողությունների հնարավորությունը»: Խոսելով ադրբեջանական կողմի կորստի մասին՝ մասնագետը չբացառեց այն, որ հնարավոր է՝ հակառակորդի բանակն ավելի շատ զոհ ունի, քան ներկայացնում է: