«Կա պատճառ հուսալու, որ ԼՂ հարցում մոտենում ենք հաջողության». Լավրով (տեսանյութ)
Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին, քննարկման թեմաներից է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ «Իլհամ Ալիևի հետ օգտակար զրույց է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում։ Այն մեզ կօգնի առաջ ընթանալ՝ իրականացնելու այն գաղափարները, որոնք ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը: Կա պատճառ հուսալու, որ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մենք ավելի ենք մոտենում հաջողության»,- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եղել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի խոսքի հիմնական մասը։ Նա առանձնացրել է հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից գործադրվող ջանքերը՝ խնդիրը լուծելու համար։ Մամեդյարովն ընդգծել է՝ պետերբուրգյան հանդիպումից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահների հետ, նրանց հետ քննարկումներ ունեցել են նաև իրենք։ «Կան սկզբունքներ և գաղափարներ, որ էտապ առ էտապ, քայլ առ քայլ մենք պետք է սեղանի վրայից մաքրենք խնդիրները, որոնք առկա են։ Կոնֆլիկտում ռազմական բաղադրիչը մեծ վտանգ է ներկայացնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային անվտանգության համար»,- ասել է Մամեդյարովը։ Նա նաև հիշեցրել է Իլհամ Ալիևի խոսքերը, թե բանակցություններն այնքան էլ ինտենսիվ չեն. «Արագ բանակցությունների արդյունքում մենք կարող ենք հասնել առաջընթացի այնպիսի հարցերում, որոնք դեռ լուծված չեն»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին Մամեդյարովը նաև հայտարարեց՝ առաջիկա ամիսներին սպասվում են լուրջ քննարկումներ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև՝ տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցի շուրջ։