Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը նորից զենք կգնի ՌԴ-ից. Լավրովն Ադրբեջանում է (տեսանյութ)

Քաղաքականություն
aliev-lavrov

Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ավելի է խորանում։ Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը պատրաստվում է այդ երկրի հետ ստորագրել զենքի մատակարարման նոր պայմանագիր։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը։ Դեսպանը նաև հայտարարել է, որ նախագահ Պուտինը Բաքու առաջիկա այցելության ժամանակ դատարկ ձեռքերով չի ներկայանա. «Այցը չի կրի զուտ ձևական բնույթ, այլ կլինի աշխատանքային»։ Նա չի բացառել հենց այդ ժամանակ զենքի նոր պայմանագրի կնքումը կողմերի միջև։ «Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է, թեև ոչ այդքան ֆորմալ, բայց շատ ավելի մտերիմ է, քան Հայաստանը։ Ռուսաստանը մեզ բազմիցս հասկացրել է, որ Ադրբեջանն իրեն շատ ավելի հարազատ է, այդ երկրի հետ շահերն ավելի է գերադասում, քան Հայաստանի։ Չնայած նրան, որ Հայաստանն ընդգրկված է Ռուսաստանի շահերն սպասարկող գրեթե բոլոր կառույցներում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ»,- «Ա1+»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը ոչ միայն պարզապես կվերականգնի Ադրբեջանի կրած վնասները. «Կփորձի պարզել՝ այդ ի՞նչ տեխնիկա է պակասել Ադրբեջանին՝ ռազմական հաջողությունների հասնելու համար և կմատակարարեն հենց այդ տեխնիկան»։ Հատկանշական է, որ Ռուսաստանը ապրիլյան պատերազմից հետո «միայնակ չի թողնում» Ադրբեջանին իր կորուստների հետ, որը նա ունեցավ հայկական կողմի վրա հարձակումից հետո։ Մյուս կողմից այդպես էլ չի երևում ռուսական զենքի՝ Հայաստան մատակարարման հնարավոր ժամկետը. Ռուսաստանը դա չարեց ապրիլյան պատերազմի օրերին, չի անում նաև հիմա։ «Հայաստանը շատ վաղուց պետք է Ռուսաստանին ցույց տար՝ եթե Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է, ապա Հայաստանը կփնտրի այլ ռազմաքաղաքական դաշնակիցներ»,- հավելում է Դանիել Իոաննիսյանը՝ ընդգծելով՝ Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է հավատարիմ դաշնակից։ Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս պահին քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնահարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` հայտնելով, որ երկու երկրի արտգործնախարարների միջև հանդիպումն արդեն մեկնարկել է: ՌԴ արտգործնախարարին երեկ երեկոյան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. տեսանյութը՝ ստորև