Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտեղից են գազի կորուստները. գողանո՞ւմ են, թե՞ անսարքություն է (տեսանյութ)

Տնտեսություն
melqumyan

Էկոնոմիկայի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համեմատական տեղեկանք են ուղարկել ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին՝ պատասխանելով ներկայացված 19 առաջարկ-դիտողությանը: Այդ առաջարկ-դիտողությունները իմի են բերվել ավելին, քան մեկամյա գործունեության արդյունքում: Միայն «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է խուսափել պատասխանից՝ պատճառաբանելով, որ չի մասնակցել հանձնաժողովի քննարկումներին եւ չի կարող կարծիք հայտնել ներկայացված առաջարկություններին: «Ա1+»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը նշեց, որ այդ պատասխաններն իրեն չեն գոհացրել. «ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները կազմում են ավելին, քան 1000 էջ, ինչպես նաեւ՝ Մոնիթորինգի հանձնաժողով ունեինք: Մեր հարցերը շատ-շատ էին, ուղղակի այս տեղեկանքի մեջ զետեղված են առանցքային հարցերը»: Պարոն Մելքումյանը առանձնացրեց իր համար խիստ մտահոգիչ հարցերը. «Առաջին հերթին կուզեի խոսել բնական կորուստների խնդիրը, եւ նշված չափաբաժինները վստահություն չեն ներշնչում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գազի սակագինը սահմանվում է հատուկ մեթոդաբանությամբ: Ու հանկարծ տեսանք, որ բնական կորուստները այդ մեթոդիկայից շեղվել են ու անսպասելի մեծ ծավալների են հասել: 2002-03թթ. սկսած սահմանվել էր  5,37 տոկոս կորուստ, դրանից բարձր խախտում էր համարվում: Հիմա հասել է 7-8,5 տոկոսի: Մենք ասում ենք՝ եթե սահմանված չափից բարձր են կորուստները, ուզում ենք հասկանալ՝ գողանո՞ւմ են, թե՞ տեխնիկական վիճակն է վատ: Եթե ընդունենք, որ 2 մլրդ խմ գազ մատակարարվում է ՀՀ, ապա  մեկ տոկոս կորուստը 20 մլն խմ է, որն էլ եթե բազմապատկում ենք միջին սակագնով՝ 300 ԱՄՆ դոլարով, դա արդեն անում է 6 մլն ԱՄՆ դոլար: Սա հսկայական թիվ է, որ գալիս նստում է սակագնի վրա»: Պարոն Մելքումյանի խոսքերով՝ այս տեղեկանքի հետ կապված իրենց աշխատանքները դեռ չեն ավարտվել՝ սեպտեմբերին նախատեսում են գերատեսչությունների հետ հավելյալ աշխատանք- քննարկումներ: