«Ծնունդդ շնորհավոր, Ժիրայր». Ազատության հրապարակում տոնեցին Սեֆիլյանի տարեդարձը (տեսանյութ)
Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն իր այս ծննդյան տարեդարձն անցկացնում է բանտախցում: Նրա փոխարեն ընկերները համերգային ծրագրով տոնեցին այն Ազատության հրապարակում: Այստեղ էին հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչները՝ Գարեգին Չուգասզյանը, Անդրիաս Ղուկասյանը, Հրանուշ Խառատյանը, ԱՍԱԼԱ-ի անդամ Ալեք Ենիգոմեշյանը եւ այլք:
Համերգում ելույթ ունեցան Վահան Արծրունին, Լիլիթ Պիպոյանը, Սրբուհի Ստամբոլցյանը: Իր եղբոր գրած բանաստեղծությունը ներկաների համար ընթերցեց թալիշցի մի աղջնակ: «Ա1+» -ի հետ զրույցում երգահան, երգիչ Վահան Արծրունին նշեց.
«Ժիրայր Սեֆիլյանն արժեվորվել է բարձագույն պետական մակարդակով, ստացել է ազգային հերոսի կոչում: Ի՞նչ իրավունքով մենք կարող ենք փոխել մեր վերաբերմունքը այդ անձի նկատմամբ: Նման արժեվորում ստացած մարդը պարզապես անձ չէ այլեւս, նա սիմվոլ է, որոշակի արժեքներ կրող: Նորագույն պատմության մեջ իր դերն ունեցող անձ է նա, ազգային հերոս, եւ վերջ»:
Երգչուհի Լիլիթ Պիպոյանը թեեւ Ժիրայր Սեֆիլյանի որոշ տեսակետներ չի կիսում, բայց, այնուամենայնիվ, կարծում է, որ նա եւ նրա ընկերները սրտացավ են իրենց բռնած գործում.
«Ես հավատում եմ իրեն եւ կարծում եմ, որ նա ազնիվ անձնավորություն է: Իսկապես սրտով նվիրված է Հայաստանի ազատության եւ անկախության գաղափարին, դրա համար ես երգում եմ՝ ի աջակցություն իրենց»:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է հունիսի 20-ին՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով։ Ավելի ուշ դատարանի որոշմամբ նա կալանավորվել է:
Մանրամասները՝ տեսանյութով:
