Կառավարությունը չի փոխհատուցի արտահանողների կրած վնասները (տեսանյութ)
Ինչպե՞ս պետք է հայաստանցի արտահանողը ապրանքը հասցնի ռուսական շուկա, երբ փակվում է Վերին Լարսի անցկետը։ Սեփական լաստանավ ունենալու մտքից չհրաժարվելով՝ կառավարությունը լուծումներ է փնտրում՝ բանակցելով ռուսական կողմի հետ՝ օգտագործելով բեռնափոխադրումն օդային եղանակով այնպիսի դեպքերում, երբ անհրաժեշտ է արագ իրականացնել տեղափոխումը. «Բնականաբար, մատչելի վճարի դիմաց, այլ ոչ թե առհասարակ բարձր արժեքով»,- մեկնաբանում է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Փակված Վերին Լարսի պատճառով մեծ վնասներ են կրում հատկապես արագ փչացող ապրանք արտահանողները։ Կառավարությունը չի փոխհատուցի նրանց կրած վնասները. «Դա բավականին ծախսատար ու շատ լուրջ, մեծ բեռ է, մենք հիմա քննարկում ենք այնպիսի համակարգերի ստեղծումը, որը թույլ կտա ավելի երաշխավորված և անվտանգ ձևով բեռների տեղափոխումը, այդ թվում նաև՝ սառնարանային պայմանների ներքո»,- նշում է նախարարը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ ռուսական սահմանին ապրանք արտահանողներից անօրինական վճարներ են պահանջում։ Ռուսական կոռուպցիայի մասին ահազանգեր ստացել է նաև էկոնոմիկայի նախարարը։ «Հաճախ անօրինական գործողություններ են ձեռնարկվում հայ փոխադրողների կամ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Մենք պարտավոր ենք քննարկումների արդյունքում այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որը թույլ կտա նման ցանկացած ոտնձգության ժամանակ արագ արձագանք ռուսական իշխանությունների կողմից»։ Վերին Լարսի անցակետի փակումից հետո թանկացան ավիատոմսերի գները։ Ըստ նախարարի՝ հարցն արդեն ուսումնասիրվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում։ «Ավիափոխադրումների գնագոյացման, հնարավոր դեմպինգային գործողությունները բացահայտելու և շուկան ու ծառայություններ մատուցողների ու սպառողների իրավունքները պաշտպանելու առումով կարիք ունենք շատ լուրջ վերանայումների»։ Մանրամասները՝ տեսանյութում