Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունն սպասարկում է միայն իշխանության շահերը. իրավապաշտպան (տեսանյութ)

Քաղաքականություն
Janna-nkar

Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի բողոքի երթն այսօր սկսվեց ոստիկանության զգուշացումով՝ հավաքն անօրինական է։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց. «Դուք պարտավոր էիք տեղեկացնել, որ հասարակական կարգը գայինք ապահովեինք»։ Այնուամենայնիվ ոստիկանությունը թույլ տվեց երթի մասնակիցներին շարժվել Բաղրամյան 26՝ իրենց իսկ կողմից սահմանված երթուղով շարժվելու հստակ պահանջով։ «Նոր Հայաստան»-ի անդամներն ամեն անգամ ոստիկանության այս գործելակերպին  են առնչվում։ Գագիկ Եղիազարյանը հակադարձում է. «Երթի մասնակիցների թիվը 100-ից ավել չի, ըստ այդմ՝ իրազեկման խնդիր չկա և փաստացի՝ դա ապօրինի չէ»։ Ակտիվիստը ոստիկանության պահանջը չէր կատարել Ամանորի գիշերը, երբ իրավապահները պահանջել էին Ազատության հրապարակում տոնածառ չտեղադրել։ Այդ ժամանակ ոստիկաններն աչքի էին ընկել կոպիտ վերաբերմունքով, ինչն, ըստ Գագիկ Եղիազարյանի, պատճառներ ուներ։ «Առաջին՝ լրատվամիջոցների բացակայություն, երկրորդ՝ ժողովուրդը, թե ցրտի ազդեցության տակ էր, թե տոների ազդեցության տակ դրսևորում էր մեծ պասիվություն և ոստիկանները մտավախություն չունեին ժողովրդական բռնկումից»։ Մոտ տասը տարի իր քաղաքացիական  ակտիվությամբ աչքի ընկնող Վարդգես Գասպարին հաճախ է ընդվզում ոստիկանության պահանջների դեմ։ Քաղաքացիներին ճնշելու ուժային կառույցի մեթոդներն, ըստ նրա, տարեցտարի կատարելագործվում են։ «Մենք այսպես ասած Ստալինյան շրջանից  թևակոխել ենք Բրեժնևյան շրջան ու այլևս պարտադիր չէ մեկի գլուխը ջարդեն, այլ այնպես ահաբեկում են, որ մարդիկ արդեն գիտեն, որ կլոր գծից այս կողմ չգնան»,- ասում է պարոն Գասպարին։ Հավաքներին ոստիկանության գործելակերպում առաջընթաց չի արձանագրել  իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։  Շատ հաճախ ակցիաներին ոստիկանների թիվը  ավելի  մեծ է, քան քաղաքացիները։ Քիչ չեն նաև առանց տարբերանշանի, քաղաքացիական հագուստով ակցիաներին հետեւող ոստիկանները։ «Ես դրանց անվանում եմ բանդաներ, որոնք մարդու դեմ են գործում։ Ոստիկանը առաջին հերթին քաղաքացու շահը պետք է պաշտպանի, ոչ թե ծպտյալ բանդայի տեսքով հանդես գա և հարձակվի»,- ասում է իրավապաշտպանը։ Ոստիկանության աշխատակիցները չեն պատժվում բռնությունների համար, անհանգստանում է իրավապաշտպանը։ Մշտապես իշխանության շահերն առաջ տանող կառույցի դեպքում այլ կերպ չի էլ կարող լինել։ «Ոստիկանությունն ապացուցել է, որ սպասարկում է միայն իշխանության շահերը։ Դրանում մենք համոզվել ենք՝ տեսնելով ինչպես են ճնշում այդ փոքր հավաքները, երթերը, ինչ բռնության են ենթարկում հատկապես «Նոր Հայաստանին», վերջին դեպքը ասեմ՝ կնոջ գլխին ոտքով հարվածը»,- նշում է Ժաննա Ալեքսանյանը։ Որպեսզի  Հայաստանում հավաքների ազատության իրավունքը չոտնահարվի, ըստ իրավապաշտպանի, անհրաժեշտ է ընդամենը մեկ հանգամանք. ոստիկանությունը պետք է  գործի միայն օրենքի շրջանակներում։