Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանցի «վարսավիրը»՝ բեռնափոխադրումների խոչընդոտ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
artahanum-nkar

Վերին Լարս անցակետի փակվելու հետևանքով հայաստանցի արտահանողները մեծ վնասներ են կրում։ «Ամենամեծ հարվածը ստացան  գյուղացիները, որ իրենց փոքր մեքենաներով, փոքր բեռնատարներով չկարողացան բերքը հասցնել տեղ, շատերը կան, որ իրենց բերքը ճանապարհին թափել են»,- ասում է Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։ Նա փոքր ծավալի ապրանք արտահանողներին առաջարկում է միավորել ուժերը՝ բեռները  մեկ մեքենայով տեղափոխելու համար։ Ցամաքային ճանապարհից զրկված արտահանողներն ստիպված են հավելյալ գումարներ ծախսել լաստանավ վարձելու համար, ինչը բարձրացնում է ապրանքի գինը։ Րաֆֆի Մխչյանն ասում է. «Ինքնարժեքի բարձրացումը չի թողնում, որ մեր տնտեսական հարաբերությունները զարգանան։ Եթե մենք այսօր Լարսով գնացող մեքենայի համար ինքնարժեք ունենք X գումար և  դրան պետք է գումարվի նաև Y գումար, այդ ապրանքն այլևս ձեռնտու չէ»։ Բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Այս ֆորսմաժորային վիճակում ամբողջ ծախսերը մեր տնտեսվարող սուբյեկտի վրա են մնում։ Եթե նախկինում տրանսպորտային կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում ի վիճակի էր Երևան-Մոսկվա-Երևան նվազագույնը երկուսից երեք ուղերթ իրականացնել, հիմա մենք լավագույն դեպքում մեկ անգամ կանենք, բա այդ կորուստնե՞րը»։ Երկու շաբաթից ավելի չգործող անցակետը փակվել է քարաթափման և ջրածածկման հետևանքով։ Վերին Լարսի հույսին չմնալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա  սեփական լաստանավ։ «Հայաստանում ավտոտրանսպորտային ձեռնարկություններն աշխատում են հաստատագրված հարկով, մի բեռնատարի համար ամիսը վճարում են 300 դոլարին համարժեք դրամ։  Եկեք այդ 300 դոլարից,  250 դոլարը թողենք ձեզ, 50 դոլարով ստեղծենք մի առանձին կառույց՝ ՊՈԱԿ, որը ակումուլյացիայի կենթարկի  բոլոր միջոցները և կունենանք սեփական նավ»,- առաջարկում է պարոն Աղաջանյանը։ Արտահանողների խնդիրները ռուս-վրացական սահմանն անցնելուց հետո չեն ավարտվում։ «Վրացական կողմն անցնելուց հետո մեր մեքենաները կուտակվում են և հենց Ռուսաստանի դիմաց ենթարկվում են ռուսական կաշառակերության ապտակին։ Երբ որոշակի քանակություն հավաքվում է, գալիս է «վարսավիր» անունով մեկը և սկսում է բոլորից հավաքել այն, ինչ-որ պետք է հավաքի ու նոր բաց  է թողնում այդ խմբաքանակը։ Սա ամոթ է»։ Վրացական կողմը խոստանում է անցակետը փորձնական բացել հուլիսի 6-ին։ Բայց թե վերջնական երբ կբացվի անցակետը, կախված է եղանակային պայմաններից։