ԵՄ դեսպանն ակնարկում է, որ պակասող գումարը պետք է Հայաստանը տա (տեսանյութ)
«Եվրամիությունը պատրաստ է Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի իրականացման համար զգալի օժանդակություն կատարել»,- այսօր հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նաեւ ասել է, որ մի շարք պետություններ պատրաստ են միանալ այդ օժանդակությանը: Սակայն դեսպանն անպատասխան է թողել այն հարցը, թե կոնսենսուսի իրականացման համար պահանջվող ֆինանսների ո՞ր մասն է պատրաստ տրամադրել ԵՄ-ն: Պարոն Սվիտալսկին ակնարկել է, որ հասկանում է Հայաստանի կարիքներն այլ խնդիրներ լուծելու համար, սակայն «երկրի ապագայի համար համաձայնության ի կատար ածումը շատ իմաստուն քայլ կլիներ»: Ինքը վստահեցնում է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ «կոնսենսուսը Հայաստանից դուրս էլ ընկալվել է պատմական իրադարձություն՝ ինչպե՞ս հաղթահարել տարաձայնությունները հանուն ավելի մեծ նպատակի»: Մեկնաբանելով քաղաքացիական հասարակության ձեռնպահ դիրքորոշումը 4+4+4 ֆորմատի բանակցությունների վերջնական արդյունքից, ԵՄ դեսպանն ասել է, որ հասկանում է քաղաքացիական հասարակության դիրքորոշումը: «Իրավունք ունի. Մեծ մասը սակայն հասկացել է, որ ԸՕ-ում դրական առաջընթաց կա»,-թեման փակել է դեսպանը: