Դոլարը չի թանկանա (տեսանյութ)
«Բրեքսիթի արդյունքում արտարժույթների բարձրացում չի նկատվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեին, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ «Դոլարով վարկեր ունեցողները որոշ ժամանակ կարող են շունչ քաշել, քանի որ դոլարը չի թանկանա»,- ասաց նա՝ անդրադառնալով նաեւ Մեծ Բրիտանիայի ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա։ Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտահանումը Մեծ Բրիտանիա կազմել է ընդհանուր արտահանման ընդամենը 0,1 տոկոսը։ Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Հայաստան ներմուծվող ապրանքների 3 տոկոսը պատկանում է Միացյալ Թագավորությանը, որից միայն 0,7 տոկոսն է զուտ բրիտանական ապրանք։ Տնտեսագետն անդրադարձավ նաեւ Հռոմի Պապի Հայաստան այցին՝ նշելով, որ այն դրական կանդրադառնա մեր տնեսության եւ զբոսաշրջության վրա։ «Պապի այցելությունը Հայաստան ուղեկցվեց մի շարք լրագրողների այցով՝ մոտ 600։ Սա ամենադրական գործոններից է, քանի որ այդ 600 լրագրողները ապահովում են Հայաստանի անվճար գովազդը։ Սա որոշակի առումով կապահովի տուրիստական հոսք»,-նշեց նա՝ հավելելով, որ տուրիզմի եւ զբոսաշրջության մրցունակության ինդեքսով Հայաստանը գտնվում է 89-րդ հորիզոնականում, եւ հույս կա, որ արդեն 2016 թվականի վարկանիշում Հայաստանի հորիզոնականը դրական տեղաշարժ կունենա։