Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՕՊ համաձայնագիրը նորից մտավ ԱԺ (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մոտքի մոտ ակցիան։ Ակտիվիստները պահանջում են պատգամավորներից ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը Ռուսաստանին հանձնելու համաձայնագիրը չվավերացնել։ «Ամենավտանգավորն այն է, որ ի սկզբանե դու համաձայնում ես այն բանի հետ, որ պատերազմական իրավիճակում քո երկրի պաշտպանության մի ստորաբաժանման հրամանատարությունը տալիս ես այլ երկրի։ Նման զիջում անելն ուղղակի անթույլատրելի է»,-«Ա1+»-ին ասաց ակտիվիստ Դավիթ Սանասարյանը։ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավորները չե՞ն գիտակցում այս ամենը, նա նշեց. «Վստահ եմ՝ բոլորն էլ գիտակցում են՝ ինչի մասին է խոսքը։ Ուրիշ բան է՝ կարող են, թե չեն կարող։ Իրենք այնքան են խրված Ռուսաստանից կախվելու ճահճի մեջ, որ գիտակցեն, չգիտակցեն, մեծ հաշվով բան չի փոխվում»։ Պարոն Սանասարյանը նաև հիշեցրեց. «ԱԺ նախորդ նստաշրջանի ժամանակ օրակարգում կար ՀՕՊ համաձայնագրի հարցը, հետաձգեցին։ Հետո Սերժ Սարգսյանը գնաց Ռուսաստան՝ Սանկտ-Պետերբուրգ, Պուտինի հետ առանձին հանդիպում ունեցան, դրանից հետո նորից այս հարցը մտցրին օրակարգ։ Սա առևտուր է, պարզ առևտուր, որ իրականացվում է։ Արդեն իրենց միջից խոսակցություններ են դուրս եկել, որ այս համաձայնագիրը վավերացնում են, որ 200 մլն դոլարի վարկը տա Ռուսաստանը»։