Մի երկու հարուստ հոգեւորական ունենալը մե՞ղք է. Միքայել եպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն առաջարկում է ծանոթանալ կաթոլիկ եկեղեցու մյուս հոգեւորականների կյանքին. նրանք ոչնչով չեն զիջում մեր եկեղեցու որոշ հոգեւորականներին. «Դուք կաթոլիկ եկեղեցու ապրելու պայմաններին տեղյակ չեք, դուք կաթոլիկ եկեղեցին սկսել եք չափել Հռոմի Պապով: Կարող ես համեմատել ամերիկյան կաթոլիկ կարդինալների մեքենաները, եվրոպական կաթոլիկ կարդինալների մեքենաները եւ մեր մեքենաները»: Պապի ժուժկալությունից նույնիսկ կաթոլիկ եկեղեցին սովորելու բան ունի, բայց առավելեւս՝ կաթոլիկ եկեղեցին: Եպիսկոպոսը հիշեցնում է, որ կաթոլիկ եկեղեցին երկու հազար տարի ապրել է շքեղության մեջ եւ շարունակում է ապրել, իսկ մեր եկեղեցին երկու հազար տարի է ապրել, հիմա էլ աղքատության մեջ ապրում է: Հիմա մի երկու հարուստ հոգեւորական ունենալը մե՞ղք է: Սակայն հարուստ հոգեւորականը կարծես թե չի տեղավորվում հարուստների հանդեպ Հիսուս Քրիստոսի վերաբերմունքի մեջ: Աստծո որդին նրանց համար բացառում էր դրախտը: Եպիսկոպոսը կոչ է անում փնտրել եւ գտնել համեստ հոգեւորականների՝ ով փնտրում է, նա էլ գտնում է. «Ուրեմն չեք ուզում գտնել, որովհետեւ ձեզ հաճելի է գտնել էնպիսի հոգեւորականների, որոնք կարող եք բան կպցնել: Անդերսթե՞նդ, թե չանդերսթենդ»: