«Ոստիկաններն են հարվածել Գեղամ Խաչատրյանին»
Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը իր դեմ հարուցված քրեական գործը համարում է քաղաքական սադրանք: «Իշխանությունները օգտագործելով դատախազությանը եւ քննչական մարմնին` քաղաքական հետապնդում են իրականացնում թե իմ , թե ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման նկատմամբ: Այդ ճնշումները հաստատվեցին նաեւ երեկ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալմամբ»,- Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը։ Նա մեղադրվում է Ամանորի գիշերը Ազատության հրապարակում ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Ակտիվիստը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ նշում, որ այդ օրը ոստիկանները նպատակ են ունեցել ամեն կերպ իրեն ձերբակալել: «Միջադեպը, երբ ավարտվել է, կա տեսագրություն, որտեղ Գեղամ Խաչատրյանի դեմքին վնասվածք չկա: Այստեղ մեկ տրամաբանական պատասխան կա: Իրենք են մի մութ անկյունում հարվածել Գեղամ Խաչատրյանին, որպեսզի հետք թողեն նրա ճակատին, հետո ասեն Գեւորգ Սաֆարյանը հարվածել է»: Իսկ այսօր դատարանում շարունակվեց վկա ոստիկան Վարդան Ապրեսյանի հարցաքննությունը, որի ցուցմունքը դրվել է մեղադրանքի հիմքում: Պաշտպանն առանձնացրել էր վկայի 15 կետից բաղկացած ցուցմունքների հակասությունը. «Չի կարելի այս վկայի նման ցուցմունքով անձին մեղադրանք առաջադրել, եւ մեղադրական եզրակացության մեջ ինչ-որ գրված է, վկան չհաստատեց, այլ կերպով ներկայացրեց իր ցուցմունքները»,- ավելացրեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Այսօր դատարանում ցուցմունք տվեց Ամանորի գիշերը Ազատության հրապարակում միջադեպի մասնակից, ոստիկան Վաղինակ Մինասյանը: Նա նշեց, որ տեսել է՝ ինչպես է Գեւորգ Սաֆարյանը հարվածում Գեղամ Խաչատրյանի դեմքին, սակայն դեմքի վնասվածքը ուշ է տեսել: