ՏՏ ոլորտի մասնագետները դեմ են կառավարության ծրագրերին
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 15 000 մասնագետներ դեմ են հարկային նոր օրենսգրքին, ինչպես եւ անընդունելի է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ «Պետք է այդ երիտասարդների հետ խոսենք, ասենք, որ հասկանան դա ճիշտ ճանապարհն է։ Ինչ-որ բյուրոկրատական ճանապարհներով այս հատվածին չի կարելի կառավարել, որովհետև գործ ունենք որակյալ մասնագետների հետ»,- ասում է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Լևոն Մկրտչյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում է՝ հանդիպելու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամներին։ «Սինոփսիս Արմենիայի» տնօրենի խոսքով՝ այս պահին ոլորտի թիվ մեկ խնդիրը որակյալ կադրերի պակասն է. ներկայումս Հայաստանում կա 3000-ից 4000 մասնագետի կարիք։ «Որակյալ կրթություն, որակյալ կրթություն, որակյալ կրթություն... եթե այս խնդիրը մենք ապահովենք և՛ տրանսնացիոնալ կորպորացիաներն են գալու, և՛ տեղական IT ոլորտն է զարգանալու, և՛ ստարտափներն են շատանալու, որովետև շատ ավելի գաղափարներ կան, շատ ավելի իդեալներ կան, քան ոլորտի աշխատուժի կապիտալը կարողանում է ապահովել»,- նշում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Նախարարը տեղյակ է խնդրի մասին, որակյալ աշխատողների պակասը լրացնելու երկու ճանապարհ է տեսնում։ «Աշխատատեղերի շատ մեծ ծավալ ունենք, որը միջին մասնագիտական IT տեխնոլոգիաների դասավանդման միջոցով հնարավոր է լրացնել։ Այսինքն՝ շատ երիտասարդներ խորը կրթություն չստանալով՝ ունենալ շատ բարձր աշխատավարձ։ Եվ պետք է ունենանք այնպիսի ծրագրեր, ինչպիսին Սինոփսիսն է, որտեղ կսկսենք փայփայել մեր գիտական որակը»,- ասում է Լևոն Մկրտչյանը։ Այսօր չի կարելի խոսել ՏՏ ոլորտի մասնագետների՝ Հայաստանից հեռանալու մասին, վստահեցնում է Սինոփսիսի տնօրենը։ Որպես ապացույց բերելով իրենց օրինակը, այստեղ մոտ 300 ուսանող է կրթվում։ «Ուղեղի արտահոսքի մասին խոսք գնալ չի կարող, որովհետև իրենք այստեղ ստանում են աշխարհում նեղ մասնագիտական բարձրորակ կրթություն, կրթական պրոցեսն ավարտելուց հետո աշխատանքի հրավեր են ստանում համաշխարհային լիդերից, ստանում են բարձր աշխատավարձ»։ Նախարար Լոևն Մկրտչյանն այսօր շրջեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գիտաարտադրական կենտրոնում, իսկ այնուհետ միացավ ՏՀՏ գործատուների միության խորհրդի նիստի մասնակիցներին։