Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվորին հնարավոր է պետք լինի ցողունային բջիջների ներարկում (տեսանյութ)

Հասարակություն
Zinvor-Germania-nkar

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանի բուժման համար գերմանական կլինիկայի հաշվեհամարին 39.000 եվրո էր փոխանցվել։ Այդ գումարի դիմաց բուժումն իրականացվել է, սակայն այժմ այն դադարեցված է, քանի որ գումարը սպառվել է։ «Հայրենիքից մենք չունենք ոչինչ ուզելու, բայց պետությո՞ւնն էլ չունի զինվորի համար ոչինչ անելու»,-հարցնում է Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը։ Մոտ 50 օր Էրեբունի բժշկական կենտրոնում բուժվող 19-ամյա զինվորին Գերմանիա էին տեղափոխել մայիսի 26-ին։ Ըստ տղայի   հոր՝  գերմանացի բժիշկները հիացած էին  հայ գործընկերների կատարած աշխատանքով, սակայն այստեղ և գերմանական  կլինիկայում տարվող բուժումն անհամեմատելի են. «Այն, որ մեր բժիշկներն արտակարգ են, չի նշանակում, որ մեր տեխնոլոգիաներն ու դեղորայքն էլ են արտակարգ»,-շեշտեց նա։ Արմանի հետագա բուժման համար անհրաժեշտ է լինելու ամսական 30.000 եվրո։ Գերմանացի բժիշկները նշել են, որ եւս երկու ամիս  երիտասարդը պետք է բուժվի։ «Եթե անհրաժեշտ լինի ցողունային բջիջների ներարկման միջոցով իր շարժունակությունը վերականգնել, այդ գումարին մոտ 60.000 եվրո կավելանա»,-ասաց Միքայելը։ Միքայելն ամեն օր զրուցում է որդու հետ, մինչև կրկին կգնա նրա մոտ։ Արմանը, թեեւ գիտի, որ բուժումը երկար է տեւելու, բայց արդեն  ծրագրեր ունի։ Հեռախոսով մեզ հետ զրույցում Արմանն ասաց. «Առաջիկա պլանների մեջ Ղարաբաղ գնալն է մտնում։ Իմ ընկերն այնտեղ է ծառայում։ Իրեն պետք է գնամ տեսնեմ»։ Զինվորին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները. HSBC բանկ. AMD 217006057517001 RUB 006057517103 EUR 006057517102 USD 006057517101 Ստացող՝ Արման Լազգիյան    Մանրամասները՝ տեսանյութում