Խորվաթիայի նախագահը դավաճան է անվանել ֆուտբոլի ֆաներին
Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը խստորեն քննադատել է խորվաթ ֆուտբոլասերներին, որոնք Եվրոպայի առաջնության Չեխիայի հետ խաղում անկարգություններ են հրահրել եւ ժամանակավոր ընդհատել հանդիպումը: «Ապրեք, ճայթուք նետողներ: Կեցցեք, խորվաթներ: Դուք ձեր երկրի դավաճաններն եք: Դուք ատում եք ձեր ազգային թիմին: Ես ամաչում եմ ձեր պատճառով», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Խորվաթիայի նախագահը: Հարկ է նշել, որ խորվաթ երկրպագուները պարզաբանել են, թե ինչից են սկսվել անկարգությունները: Սպլիտի «Հայդուկ» թիմի ֆաները, որոնք լարված հարաբերությունների մեջ են Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ճայթուքներ են նետել խաղադաշտ: Արդյունքում հավաքականի իրական երկրպագուների եւ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Ինչպես նշում են խորվաթական լրատվամիջոցները, երկրի մի շարք ակումբների ֆանատները դժգոհ են ֆուտբոլի ֆեդերացիայի վարած քաղաքականությունից՝ կապված արմատական երկրպագուների առջեւ դրած պահանջների հետ, ուստի ֆեդերացիային պատժելու համար նրանք հաճախ հավաքականի խաղերին անկարգություններ են հրահրում կամ արգելված ակցիաներ կազմակերպում: