«Հայաստանը գտնվում է գերռիսկային վիճակում» (տեսանյութ)
Եթե Հարկային նոր օրենսգիրքն ընդունելի լիներ բոլորի կողմից, ավելի վտանգավոր կլիներ. կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը, որը նաեւ նորմալ է համարում եղած տարաձայնություններն ու անհամաձայնությունները: «Ցանկացած հարկատուի ձեռնտու է, որ հարկերը ինչքան հնարավոր է՝ թեթեւ լինեն, հարկային բեռից ընդհանրապես ազատվի: Շարքային քաղաքացուն, եթե հարցնես՝ ինչպե՞ս կուզենաս լինի հարկային դաշտը, կասի՝ ընդհանրապես հարկ չվճարեմ, սակայն մենք ունենք բյուջեով խնդիր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարկային նոր օրենսգրքով, որը ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ, շատ հարկատեսակների եւ ապրանքատեսակների գծով նախատեսում է կրկնակի հարկում: Պարոն Բաղդասարյանը վստահեցնում է՝ ՀՀԿ պատգամավորները հարյուրավոր առաջարկներ ունեն, անձամբ իր առաջարկություններից մեկը վերաբերում է եկամտահարկի փոփոխությանը. «Ես կողմնակից եմ, որ երկամտահարկն ու շահութահարկը լինեն համահունչ մեկը մյուսին. մեզ մոտ այդ սուբորդինացիան խախտված է»: Փոփոխվող եկամտահարկով չնչին չափով նվազում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4 տոկոսից դառնալով 23 տոկոս: Իսկ ահա 204,000-ից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները կսկսեն 2-ից 7 տոկոսով ավելի շատ հարկեր վճարել: «Վարձու աշխատողների հետ կապված, հիմնականում, ճնշող մեծամասնությունը ուղղակի աշխատավարձի իրական արժեքը չի ձեւակերպվում: Ես առաջարկել եմ ու առաջարկում եմ, որ եկամտահարկը դարձվի 20 տոկոս եւ հավասարեցվի բոլորի համար»,- նշեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Խաչատուր Քոքոբելյանի համոզմամբ՝ Հարկային օրենսգիրքը նախեւառաջ պետք է էական արտոնություններ նախատեսի օտարերկրյա ներդրողների համար. «ՀՀ-ն տնտեսության առումով գտնվում է գերռիսկային վիճակում՝ օտարերկրյա ներդրողի համար շատ ռիսկային գոտի է: Եթե նրան նոր արտոնություններ չես տալիս, ապա ո՞րն է այն մոտիվացիան, որ օտարերկրյա ներդրողը ցանկություն կունենա գալ ՀՀ»: Հարկային օրենսգրքի այս տեսքով կիրառումը խորտակում է ՀՀ տնտեսական նավը, կարծում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ իշխանությունները հուսահատ քայլեր են անում, որ մի կերպ կարողանան լցնեն բյուջեն, մի կերպ սպասարկեն պետական պարտքը. «Բնականաբար, եւ ստվեր կլինի, եւ արտագաղթ կլինի, եւ կապիտալը կփախչի ՀՀ-ից. այս իշխանությունները լուծում եմ ընդամենը օրվա խնդիր»: Ըստ նրա՝ իշխանությունները չունեն տնտեսական զարգացման որեւէ ռազմավարություն, միակ լուծումը ազատ եւ արդար ընտրությունների միջոցով փոխհամաձայնեցված, կառավարելի անցումն է դեպի ժողովրդավարություն: