Հանքերը թունավորում են ողջ Հայաստանը (տեսանյութ)
Հայաստանի համար լուրջ խնդիր է հանքարդյունաբերությունը. Էկոլոգիական աշխարհայացք եւ կանաչ տնտեսություն հանուն կայուն զարգացման» խորագրով գիտաժողովի ժամանակ նշել է բնապահպան Կարինե Դանիելյանը: «Հանքարդյունաբերության սահմանափակումները շատ փոքր են ՝ չնայած, որ շատ վտանգավոր է երկրի համար, ոչ միայն բնության, այլ նաեւ տնտեսության մյուս ճյուղերի համար: Նույն տուրիզմին է հարվածում, նույն գյուղատնտեսությանը, պետք է սահմանափակել եւ գերակա խնդիր զարգացնել , առավել եւս մետաղ պարունակող հանքերի մասին է խոսքը, որոնք ուղղակի թունավորում են ամբողջ Հայաստանը»,- ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահը: Ծրագրի շրջանակներում մշակվել է նաեւ հայեցակարգ, որը բաղկացած է 11 կետից: Բնապահպանը խոստովանում է՝ հանրության եւ իշխանության միջեւ կոնսենսուս գտնելը բոլոր հարցերի շուրջ երեւի ամենադժվար գործն է, որովհետեւ բոլոր հարցերում կան անհամաձայնություններ: Կարինե Դանիելյանի խոսքերով՝ երբ սկսել են աշխատել, չեն էլ պատկերացրել, թե ինչքան դրական փորձ կա Հայաստանում, պարզապես դրանք առանձին պիլոտային ծրագրեր են՝ տարբեր միջազգային կառույցների աջակցությամբ, սակայն համակարգային երեւույթ չեն դառնում: «Դա հանքարդյունաբերությունն է, կայուն տուրիզմի զարգացումն է, այլընտրանքային էներգետիկան է: Վերականգնվող էներգետիկայի մասին է խոսքը, կրթական համակարգն է, ջրային ռեսուրսների կայուն կառավարումն է, թափոնների հարցը: Համոզվեցինք, որ ինստիտուցիոնալ խնդիր ունենք: Նախարարությունների միջեւ բաժանված են խնդիրները, բայց չկա մեկը, ով պատասխանատու է այդ ամբողջի համակարգման համար»: Ըստ Կարինե Դանիելյանի՝ իրենք խնդիրներ են ունեցել նաեւ Ֆինանսների նախարարության հետ, որովհետեւ միջազգային փորձն ասում է ՝ խրախուսել տնտեսական մեխանիզմներով: «Նախարարությունն ասում է, ոչ մի հարկային, վարկային արտոնություն»: Ի դեպ, երկուսուկես տարի ասոցիացիան աշխատել է հանրության, ՀԿ-ների, փորձագետների, ՏԻՄ-երի եւ նախարարությունների հետ: