Եղանակը զգալի վնաս է հասցրել մեղվաբուծությանը (տեսանյութ)
Հանրապետությունում վերջին ամիսներին գրանցված փոթորիկներն ու անձրեւները բացասաբար են անդրադարձել մեղվաբուծության վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մեղվաբույծների ազգային միավորման համանախագահ Արմեն Նազարյանը նշեց, որ տարին, կարծես, հետ ընկած լինի. «Մեղվաընտանիքները գրեթե չկարողացան զարգանալ: Կարկուտների, խոնավության պատճառով զրկվեցինք ծաղկափոշուց, մեղուների պաշարն էլ քիչ է: Եթե արեւներ լինեն, դեռ հույս ունենք, որ լավ կլինի, դեռ ամեն ինչ կորած չէ»,-ասաց նա: Մեղվաբույծ Կամո Պետրոսյանը նույնպես նշեց, որ վնասը հիմնականում առաջանում է ուժեղ քամիներից. «Ինչու՞մն է կայանում այդ չարիք քամու վնասը. նա բուսականության մեջ գոյություն ունեցող նեկտարը չորացնում է, էլ չկա այդ նեկտարը»,-ասաց մեղվաբույծը՝ հավելելով, որ մեղվի փեթակներն ավելի բարձրադիր գոտիներ տեղափոխելու պարագայում կարող են մեղր ստանալու սպասելիքներ ունենալ: Կամո Պետրոսյանի խոսքով՝ տուժել են հիմնականում Արարատյան դաշտի, Վայոց ձորի նախալեռային հատվածների՝ Արենիի, Նորավանքի, Եղեգնաձորի ցածրադիր գոտիների փեթակները: Հարցին, թե հայկական մեղրն այսօր արտահանվու՞մ է, Արմեն Նազարյանը բացասական պատասխան տվեց՝ պարզաբանելով. «Արտահանման համար բազմաթիվ անալիզներ են ուզում, որոնք շատ թանկ արժեն՝ 600 հազար դրամի կարգի, այս իսկ պատճառով մեղվաբույծները նախընտրում են իրենց ստացած բերքն այստեղ վաճառել, քան տանել լաբորատորիա»: