Երիտասարդական պալատի փոխարեն՝ ավազի հանք. կառուցապատողը սնանկ է (տեսանյութ)
«Քանդված Երիտասարդական պալատի փոխարեն ավազի հանք է»,- ցավով է նկատում այդ կառույցի հեղինակ, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը:
Վերջինս նաև հավելում է. «Այդ մարդը մարտունեցի մի մարդ էր, ով Ռուսաստանում փող էր աշխատել, ճանապարհաշինարարությամբ էր զբաղվում և ուներ հնարավորություններ մի այդպիսի բան ձեռնարկելու՝ իրագործելու ճապոնացի ճարտարապետի նախագիծը, բայց հետո էլ նա սնանկացավ: Հիմա ոչ ինքը կա, ոչ գումարը կա, ոչ էլ նախագիծը կա: Հույս էլ չկա, որ նա մի օր կհարստանա և կսկսի այդ կառույցով զբաղվել: Քանի որ ճապոնացին չստացավ այդ գումարները, նա էլ հրաժարվեց, գնաց՝ իր գործերով է զբաղվում, քանի որ ոչ նախագիծ կա , ոչ էլ կառուցապատող, այդպես անորոշ էլ մնացել է: Մեր օրենսդրությամբ էլ այնպես է, որ պետք է պաշտպանես մարդու սեփականության իրավունքը, դրա համար հիմա որևէ մեկն այդ մարդուն չի ուզում ասել, թե արի ես քեզանից հետ վերցնեմ այդ հողը»:
Լրագրողների հարցին, թե նա որպես այդ կառույցի հեղինակ որևէ իրավունք չունի՞, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Բոլորովին չունեմ որևէ իրավունք: Իմ իրավունքն այնքան էր, քանի դեռ կար այդ շենքը կամ հիմա կա «Ռոսիա» կինոթատրոնը կամ Մարզահամերգային համալիրը, քանի դեռ այս շենքերը կան ես որպես հեղինակ ինչ-որ իրավունք ունեմ: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում՝ օրինակ, համալիրի տնօրենը՝ Վազգեն Ասատրյանը, ամեն մի փոքր հարցի համար ինձ զանգում և հարցնում է , իսկ այդ մարդը քանդեց ու թողեց գնաց: Հիմա ոչ շենքը կա, ոչ էլ հեղինակը, դատարկ հողի վրա ինչ իրավունքներ պիտի ունենամ»:
Այս համատեքստում Հրաչ Պողոսյանը նաև նշեց, որ ոչ Երիտասարդական պալատը և ոչ էլ «Ռոսիա» կինոթատրոնը հուշարձանների ցանկում չկան և դրանք չեն էլ համարվում հուշարձան:
«Այսինքն այն մարդը, որ դրանք սեփականացրել է, կարող է քանդել, վերակառուցել, ինչ ուզենա անել»,-եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում