Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեւորականները չեն ընդունում ԼԳԲՏ հետ կապված մեղադրանքները (տեսանյութ)

Հասարակություն
gay

Հունիսի 12-ին ամերիկյան Օռլանդո քաղաքի «Պուլս» ակումբում 50 հոգու սպանությունը ցնցեց աշխարհը։ Նույնասեռականների ակումբում տեղի ունեցածի  հայաստանյան արձագանքը, սակայն, ոչ միանշանակ էր։ «Քաղաքացիների արձագանքն էր սարսափելի, որովհետև արդարացվում էր հանցագործությունը, արդարացվում էր ահաբեկչությունը։ Չգիտակցելով, որ եթե դա Ամերիկայում է մի քիչ հեռու է, բայց այնտեղ կարող էր լինել ցանկացած մեկի հարազատը»,- ասում է «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ համակարգող Մամիկոն Հովսեփյանը։ Փոքրամասնությունների իրավունքների (ԼԳԲՏ համայնքի) պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցչին զարմացնում է նման արձագանքը ։ «Մի ազգ, որը Ցեղասպանության միջով է անցել, նույն ատելության հիմքով հանցագործության տուժածներն ենք եղել, մեր նախնիները զոհերն են եղել դրա, մենք հիմա իրավունք չունենք որևէ կերպ նման հանցագործություններն արդարացնել»։ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում նույնասեռականությունը, սակայն ահաբեկչությունը  չի կարող չդատապարտել։ «Այսպես չէ, որ մենք պայքարենք այդ երևույթի դեմ հետևաբար՝ պարզապես մարդկանց մահը ողջունել, խրախուսել ու ուրախանալ կարծում եմ՝ լուրջ խնդիր է՝ մտածելու, թե որքանով մենք առողջ ենք հոգևոր իմաստով»,- ասում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Եսայի քահանա Արթենյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ հանցագործությունն իրականացրած աֆղանական արմատներով Ամերիկայի քաղաքացի, Իսլամական պետության կողմնակից Օմար Մատին գրանցված է եղել գեյ սոցիալական ցանցերում, հաճախ է այցելել նաև սպանդի վայր՝ «Պուլս» ակումբ։ Մամիկոն Հովսեփյանը խոսում է հավանական շարժառիթներից։ «Ինքը կրոնական ու ընտանիքի ճնշման ներքո չի կարողացել լիովին արտահայտվել ու այդ ագրեսիան ծնվել է տարիների ընթացքում, որ ինքը չի կարող ապրել այն կյանքով, որը իրականում իրենն է։ Նույնը բացատրվում է նրանով, թե ինչու է իր կնոջը բռնության ենթարկել»։ Սեռական փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը Հայաստանում էլ է պայթյունների տեսքով դրսևորվել։ 4 տարի առաջ պայթեցվեց DIY ակումբը։ «Ճիշտ է՝ մարդկային զոհեր Հայաստանում  բարեբախտաբար չկային, բայց մոտեցումները նույնն են, նույն ահաբեկչությունն էր, չնայած այստեղ ահաբեկչություն չորակեցին։ Այլ մի բան էլ՝ գովեստի արժանացան հանցագործություն իրականացնողները»,- ասում է ՀԿ ներկայացուցիչը։ Մամիկոն Հովսեփյանը նման անհանդուրժողականության  մեջ տեսնում է նաեւ Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։ Հոգեւորականները չեն ընդունում նման մեղադրանքները։ Պատասխանում է Եսայի քահանա Արթենյանը. «Մենք ամեն օր աշխատում ենք այս տեսակ մարդկանց հետ և համասեռամոլներն են գալիս եկեղեցի, և թմրամոլները,  և տարբեր խնդիրներով մարդիկ, որոնք մի տեսակ հաճախ հասարակությունից մեկուսացած են։ Մեր կոչն է, որ անենք ամեն բան, որ այդ մարդիկ ինտեգրվեն համայնքային կյանքում՝ դառնալով ավելի առողջ, դառնալով ճիշտ ճանապարհին»։ Իսկ Ֆրանսիայում տեղի է ունեցել հերթական ոճրագործությունը, որ  Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը բացահայտ ահաբեկչական գործողություն է որակել։  Փարիզի մերձակայքում ֆրանսիացի ոստիկանին  և նրա կնոջը դաժանաբար  սպանել էր անձը, որը անդամակցում է  «Իսլամական պետություն»  կազմակերպությանը։