«ՎիվաՍել»-ը պատասխանել է լրագրող Էդիկ Բաղդասարյանին
Ղարաբաղյան պատերազմի օրերից Արցախում գտնվող լրագրող Էդիկ Բաղդասարյանը իր մտահոգությունն էր հայտնել, որ այս ամիս «Վիվասել»-ին պետք է վճարի 72 հազար 600 դրամ։ «Ղարաբաղում եմ եղել եւ ոչ մի ավելորդ զանգ չեմ կատարել, սովորականի նման, հակառակը այստեղ ավելի քիչ եմ խոսել, քան Երեւանում։ Երբ Երեւանում եմ լինում ամիսը 6 հազար դրամ եմ վճարում։ Ղարաբաղ Տելեկոմի եւ Վիվասելի դեմ պայքարի հստակ մեխանիզմներ է պետք մշակել։ Սահմանին կանգնած զինվորները այնտեղ են նաեւ ձեր բիզնեսի համար, ձեր շահույթ ստանալու համար։ Իսկ դուք դրած առանց այն էլ սոցիալապես անապահով այդ խավին "քամում" եք։ Հանեք այդ ռոումինգը Ղարաբաղից, զինվորների եւ նրանց ծնողների վրա փող մի աշխատեք»,- գրել էր Էդիկ Բաղդասարյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այսօր պարզաբանել է, որ մայիս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա 72,392 դրամից 66,470-ը բաժին է ընկնում ռոումինգին: «Անդրադառնալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ղարաբաղ Տելեկոմի միջեւ ռոումինգի ծառայության վերացման անհրաժեշտության մասին Ձեր հայտարարությանը՝ հայտնում ենք, որ որպես բջջային կապի օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային նորմերով»,- նշել է ընկերության լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը: Էդիկ Բաղդասարյանը միաժամանակ նշել է, որ բավական է հեքիաթներ պատմել բարեգործությունների մասին: «Ներդրումներ եք անում, ձեր կատարած ծախսերը շատ վաղուց եք փակել եւ շատ վաղուց գերշահույթներ եք ստանում երկու իրար հետ փոխկապակցված ընկերություններով», - գրել էր Էդիկ Բաղդասարյանը։ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը անընդունելի է համարում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող իր ծրագրերը զուտ կոմերցիոն գործունեության հետ շփոթելը կամ պայմանավորելը:» ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացնում է բաց և թափանցիկ գործունեություն, և իր բոլոր (այդ թվում՝ սոցիալական ներդրումների ոլորտում իրականացվող ծախսերը) ենթարկվում են աուդիտի՝ միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից»,- եզրափակել է ընկերության լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը: